ՀՀ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդդիմությանը, իշխանությանն ու հասարակությանը ստեղծված պատերազմական իրավիճակում համերաշխության կոչ է անում:
«Այս ծանր վիճակում ամենակարևոր խնդիրը, որ մենք պետք է լուծենք` մեր միասնականության խնդիրն է: Բայց միասնակությունը ոչ միակողմանի պրոցես է, ոչ լուծվում է միայն խոսքով: Միասնականությունը առաջին հերթին գործ է, որտեղ ավելի շատ գործ ունի անելու իշխանությունը»,- նշեց Զուրաբյանը` ընդգծելով, որ ընդդիմությունը, ցուցաբերելով միասնականություն, արել է կարևոր քայլ եւ շարունակում է անել:
Պատգամավորը երկու ուղերձ ունի. մեկն ուղղված է իշխանությանը, մյուսը` ընդդիմությանը:
«Այն, ինչ կատարվեց երեկ ԱԺ-ում, խոսքը երեկ ԱԺ-ում կանոնակարգի կոպիտ խախտմամբ Ընտրական օրենսգքրի քվեարկության մասին է, իշխանությունները նորից իջան մանր աճպարարությունների մակարդակի: Այդպիսի քայլերով միասնականություն չեն ապահովում: Իշխանության վրա է պատասխանատվությունը, որ հանրությունն իրեն համարի մոբիլիզացված, համարի որ բոլորն իրենց գործունեությունը ենթարկել են ամենակարևոր նպատակին` ազգային միասնականությանը»,-ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը` կոչ անելով իշխանություններին սթափվել եւ բարձրացնել իրենց գործողությունների որակը:
Ինչ վերաբերում է ընդդիմությանն ուղղված ուղերձին, Զուրաբյանն ասաց` իրենց ընդդիմություն համարող ուժերի`միմյանց ուղղված քննադատությունները եւս անընդունելի են:
«Ընդդիմությունը զբաղված է փոխադարձ մեղադրանքներով, ուզում եմ հիշեցնել` իրական ընդդիմության միայն մեկ չափանիշ կա. իրական ընդդիմությունը քննադատում եւ որպես թիրախ ընտրում է միայն իշխանություններին»,- նշեց Զուրաբյանը` ընդգծելով, որ ապրիլի 2-ից հետո բնական զսպվածություն են ցուցաբերում իշխանություններին քննադատելիս:
ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը ՀԱԿ պատգամավորը հորդորեց չդարձնել կռվախնձոր եւ մանր-մունր քաղաքական ինտրիգների դաշտ , այլ հակառակը` պետք է դառնա կարևոր քայլ` ազգային միասնականության ճանապարհին:
Մանրամասները` տեսանյութում