տուն Լուրեր Լևոն Զուրաբյանին կզրկե՞ ն անձեռնմխելիությունից

Լևոն Զուրաբյանին կզրկե՞ ն անձեռնմխելիությունից

84
0

Levon

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումներն, ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց՝ այդ հայտարարությանն այդքան արագ ընթացք տալը վկայում է, որ քաղաքական նպատակ կա՝ ընդդիմադիր գործչի նկատմամբ ճնշում գործադրելու. «Քաղաքական նպատակ կա այստեղ, այդ մասին վկայում է այն, որ շատ արագ հայտարարությանն ընթացք տրվեց: ԱԺ-ում բազմաթիվ այլ հայտարարություններ են լինում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ՝ իշխանության ներլայացուցիչների մասնակցությամբ, բայց այս դեպքում բոլորն անգործության են մատնված»:

Ըստ իրավապաշտպանի՝ շատ հանցագործություններ կան, որոնց ժամանակ մեր ոստիկանությունն  ու  դատախազությունը լռում են.  «Իրենց դնում են չլսողի եւ անգործունակի տեղ՝ լռության մատնելով Սաշիկ Սարգսյանի, Լիսկայի Ռուբեն Հայրապետյանի եւ այլոց կողմից թույլ տված արարքները, կոռուպցիոն բազմաթիվ դեպքերի վերաբերյալ հաղորդումները»:

Ինչ վերաբերում է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն հայտարարությանը, որ չպետք է լիներ պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտ, Արթուր Սաքունց ասաց. «Մենք տեսանք, որ 2008թ-ի մարտի 1-ից հետո պատգամավորի անձեռնմխելիությունն այդպես էլ երաշխիք չհանդիսացավ: Քաղաքական մեծամասնությունն, առանց որևէ հիմնավորման, առնվազն 4 պատգամավորի զրկեց անձեռնմխելիությունից եւ հանձնեց դատախազության ճիրանները, երևի մոռացել են այդ մասին: Քաղաքական որոշմամբ պայմանավորված կլինի՝ կզրկե՞ն Լևոն Զուրաբյանին անձեռնմխելիությունից, թե՞ ոչ»:

Պնդեց՝ Հայաստանի նման երկրում օրենքի գերակայության, սահմանադրական նորմերի պահպանման մասին խոսելն ավելորդ է:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ մեզ հայտնեցին. «Կկատարվեն բոլոր այն գործողությունները, որոնք նախատեսված են ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված հանձնարարականով»:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտնել էր՝ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի միակ գործը եղել է Վենետիկի հանձնաժողովին կաշառելը, այդ մասին կան փաստեր: