տուն Արցախ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ իշխանություններն անում են այն, ինչ պետք է անեն....

Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ իշխանություններն անում են այն, ինչ պետք է անեն. մանրամասներ՝ հանդիպումից

145
0

bako-ter-petrosyan

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպումը, հիշեցնենք, տեղի է ունեցել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ:

Նախագահ Սահակյանը կարեւորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը եւ նրանց դերակատարությունը մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց՝ պաշտոնական Ստեփանակերտը կարևորում է նման հանդիպումները:

«Կարևոր հանդիպում էր երկու կողմի համար էլ: Մենք արժևորում ենք տարբեր քաղաքական գործիչների այցը Արցախ: Ինչքան էլ ներքաղաքական կյանքի վերաբերյալ մոտեցումները տարբեր լինեն, բայց իմ կարծիքով կան երեք հիմնական հարցեր, որոնց դեպքում պետք է հնարավորինս միասնական լինենք. դա Արցախի հիմնախնդիրն է, Ցեղասպանության ճանաչումն է եւ Սևանա լճի փրկությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը:

 

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի փոխանցմամբ՝ կողմերը առանձնազրույցի ընթացքում քննարկել են տարբեր հարցեր, սակայն հիմնական շեշտը դրվել է ապրիլի 2- 5-ը հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական բախումների եւ դրանց հետևանքների վրա:

«Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպումից հետո մի ընդհանրացված գնահատական է տվել. ասել է՝ «Իշխանություններն անում են այն, ինչ պետք է անեն»,- հավելեց պարոն Բաբայանը՝ մեջբերելով առաջին նախագահի խոսքերը: Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Արցախի վարչապետի, ԱԺ նախագահի, բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:

Հիշեցնենք՝ առաջին նախագահը Արցախ էր մեկնել երեկ՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ:

Շողիկ Գալստյան