Tert.am-ը գրում է.
Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած մոտեցումները իրատեսական չեն Ադրբեջանի պարագայում և հղի են անկանխատեսելի հետևանքներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին:
«Մենք էլ ենք կողմ խաղաղությանը, բայց դրան հասնելու ձև կա: Ադրբեջանի պես հարևան ունենալու պարագայում զինատյացությունը չի աշխատում, քանի որ այն ցեղասպան, հանցագործ պետություն է: Եթե մենք ուզում ենք խաղաղություն, մեկ ճանապարհ կա` լինել ուժեղ»,- ասաց նա:
Ըստ Դավիթ Բաբայանի` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ կա երկու հարց կա, որ միշտ եղել է, և դժվար է նույնիսկ տեսանելի ապագայում կանխատեսել, որ լինելու է շատ հեշտ և շուտափույթ համաձայնություն: «Կա երկու հարց` կարգավիճակը, այսինքն՝ Արցախի ճանաչումը Ադրբեջանի կողմից, և տարածքների հարցը։ Մյուս բոլոր հարցերը դրանց ածանցյալներ են: Այս երկու հարցի շուրջ չկա ընդհանուր պատկերացում և կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ:
Ինչ վերաբերում է առաջին նախագահի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը եթե պատրաստ չլիներ փոխզիջումների, չէր մասնակցի աշխատանքներին, նա ասաց. «Խնդիրներից մեկը Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն է, նա մասնակցում է բանակցությունների ոչ թե նրա համար, որ պատրաստ է փոխզիջման, այլ պարզապես այլընտրանք չունի»,-ասաց նա:
Լևոն Տեր-Պետրոսյանի իր հարցազրույցի ժամանակ նաև հայտարարել էր, որ եթե ՀՀ-ն վճռականորեն հայտարարի՝ պատրաստ է հենց այսօր ստորագրել փաստաթուղթը, ապա Ադրբեջանը չի կարող մերժել, հակառակ դեպքում իր վրա կուղղվի միջազգային ամբողջ ճնշումը: Այս հայտարարության վերաբերյալ Դավիթ Բաբայանը հարց բարձրացրեց.
«Ինչ ճնշման մասին է խոսքը, երբ Ադրբեջանը նավթի արտահանման միլիարդավոր դոլարների համաձայնագրեր է ստորագրել, երբ Ադրբեջանում տեղի են ունեցել համեվրոպական առաջին խաղեր, և ինչ պատժամիջոցների է ենթարկվել, երբ Սաֆարովին հերոսացրել է:
«Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք նույնպես Ադրբեջանի նկատմամբ ճնշում չի եղել: Մենք միշտ ասում ենք, որ պետք է միջազգային հանրությունը Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ կիրառի, իսկ եթե չկան նման ճնշումներ, ագրեսորն էլ ավելի է ոգևորվում: Շատ վտանգավոր է մերկանալ և զինատյաց քաղաքականություն վարել, երբ քո դիմացինը հանցագործ և ահաբեկիչ է»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանը անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ եթե այսօր կա մի գերտերություն, որը մեծապես շահագրգռված է հարցի շուտափույթ կարգավորմամբ՝ ՌԴ-ն է: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը համամիտ էր, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ լինի խաղաղություն՝ նաև այն առումով, որ Ռուսաստանը անմիջականորեն սահմանակից է հակամարտ գոտուն:
Ըստ նրա` Ադրբեջանը անկեղծ է իր նպատակները հայտնելիս և տարօրինակ է համարում, երբ ֆաշիստն ու ահաբեկիչը անկեղծ են այդ հարցում. «Երբ մենք միակողմանի ենք մոտենում և Ադրբեջանի ուզածը տալիս ենք, ապա սրա վերջը լինելու է էլ ավելի մեծ ապակայունացում և կոտորած: Հարավային կովկասում լայնածավալ պատերազմի վերսկսումը ձեռք չի տալիս նաև Ռուսաստանին, որովհետև կամա թե ակամա բոլոր այդ պետությունները ներգրավված են լինում այս պատերազմի մեջ և կախված այն բանից, թե ինչ կարող է լինել այստեղ, Սիրիան կլինի խաղ ու պար»,- ասաց նա: