Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը խստագույնս դատապարտել է Միհրան Հարությունյանին` հավաքականի և թիմի անդամների մասին անզուսպ արտահայտությունների համար:
Հավաքականի թիմի գլխավոր մարզչի խոսքով` Հարությունյանի այն պնդումը, թե իբր ինքը միայն հավաքականի հետ մարզվել է Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ, ևս ճշմարտությանը չի համապատասխանում: «Մենք տեսանք նրան Եվրոպայի առաջնությունում 2016 թվականին, երբ նրան ընդառաջել էին՝ չնայած Հարությունյանը չէր մարզվել թիմի հետ: Նա պարտվեց առաջին իսկ գոտեմարտում: Նրա միակ արդյունքը Եվրոպական խաղերի արծաթե մեդալն է, Օլիմպիական խաղերից առաջ: Դեռևս 2015 թվականին նա չկարողացավ Հայաստանի առաջնությունում իր ճիշտ քաշին կանգնել: Դա մարզիկների համար ավելի մեծ խայտառակություն է, քան գոտեմարտում պարտվելը»,-ասաց նա:
Լևոն Ջուլֆալակյանը փաստեց նաև, որ Հարությունյանը տաղանդավոր և լավ որակներով ըմբիշ է, սակայն արդյունքի հասնելու համար պետք է ճիշտ մարզվել: «Այսուհետ ինչ էլ խոսի Միհրանը, այլևս երբեք չեմ պատասխանելու նրան, բայց Միհրանն իր տեղը պետք է իմանա ինչ-որ բան խոսելուց առաջ»,-եզրափակեց նա:
Օրեր առաջ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հարցազրույցի ընթացքում ասել էր, որ «Լեւոն Ջուլֆալակյանը չէ, որ պետք է որոշի՝ ես տեղ ունեմ հավաքականում, թե ոչ։ 2013 թվականին էլ ինձ չէր ցանկանում Լեւոն Ջուլֆալակյանը, բայց ես վաստակեցի իմ տեղը իմ հավաքականում։ Այս անգամ էլ այդպես կլինի»: