Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի խումբ մտավորականներ համախմբվել են և պատրաստվում են քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալով քանդել Երևանի հին շենքերը: Երեկ հանդես գալով համատեղ հայտարարությամբ, նրանք ընդգծեցին, որ պատրաստվում են տևական պայքարի ու թույլ չեն տա՝ աղավաղվի Երևանի դեմքը:
Երևանի ավագանու Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը, սակայն, մեզ հետ զրույցում այդ նախաձեռնությունը որակեց PR քայլ:
«Չեմ կարող մեկնաբանել, որովհետև իմ տեսակետն ունեմ: Ամեն առանձին դեպք պետք է քննարկվի: Մի քիչ սիրողական բնույթ է կրում էդ ամեն ինչը, PR-ի հոտ է գալիս»,- նշեց պարոն Իգիթյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:
Հիշեցնենք, որ պարոն Իգիթյանը կողմ էր նաև Արամի 30 հասցեում գտնվող շինության ապամոնտաժմանը, ասում էր. «Եթե մի ժողովուրդ նման շինությունը համարում է արժեք, ես ցավում եմ այդ ժողովրդի համար: Այդ «сарай»-ի համար աղմուկ չեն հանում: Եթե մեկը կարողանա ապացուցել, որ դա ազգային արժեք է իրենից ներկայացնում, ես կկարծեմ, որ մինչև հիմա չեմ հասկացել հայերի արժեքը»: