Այսօր ատամնաբույժի միջազգային օրն է: Ատամնաբուժությունն ունի 9 հազար տարվա պատմություն: Վերջին տարիներին Հայաստանում այդ բնագավառում եղած ձեռքբերումների և խնդիրների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ գլխավոր ատամնաբույժ Լազար Եսայանը:
«Վերջին տարիներին բարելավվել է հիվանդների փաստաթղթային սպասարկումը ինչպես նաև պարզեցվել է ստոմոտոլոգիական ծառայությունների տրամադրման կարգը: Մատչելի է դարձել նաև լիցենզավորման համար նախատեսվող կարգը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա ըստ բանախոսի, դրանք մեծամասամբ որակական են և կապված են սարքավորումների հագեցվածության հետ: «Մեր կլինիկաները հնարավորինս հագեցած են սարքավորումներով, իսկ մասնագետներն առաջատար են և փորձում են տիրապետել աշխարհում առկա բոլոր նորարարություններին և հնարավորությունների շրջանակներում օգտագործում են դրանք պրակտիկայում»,-ընգծեց բանախոսըˋ հավելելով, որ այսօր ոլորտը բարելավվելու նպատակով կազմակերպվում են նաև միջազգային կոնֆերանսներ, որոնց միջոցով տեղի է ունենում նորությունների իրազեկում ատամնաբույժների շրջանում:
Անդրադառնալով Քաջարանի ատամնաբուժական կլինիկայում տեղի ունեցած դեպքին, երբ չախտահանված գործիքների պատճառով մի շարք հիվանդներ վարակվել էին հեպատիտ C-ով , ստոմատոլոգը նշեց, որ սա ցավալի փաստ էր, և պետք է ամեն ինչ անել՝ թույլ չտալու համար, որ նման դեպք նորից կրկնվի: Ըստ բանախոսիˋ սրա համար անհրաժեշտ է պատասխանատվության բարձ մակարդակ և համապատասխան ախտահանման սենյակ:
Վարդուհի Ստեփանյան