«Այսօր Երևանում ևս մեկ անգամ՝ թե ՀՀ նախագահը, թե ՀՀ և ՌԴ արտգործնախարարները վերահաստատեցին, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են»,- այդ մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Հարցին, թե Լավրովը Երևանում հայտարարեց, որ ԼՂ հարցի կարգավորման փաթեթային տարբերակն է դրված, ի՞նչ տարբերակի մասին է խոսքը, Շարմազանովը հստակեցրեց` խոսքը 3 սկզբունքների մասին է, որոնք բանակցային սեղանին են դրված մեկ փաթեթի տեսքով և պետք չէ մեկը մյուսից առանձնացնել. «Սա ազդակ է Ադրբեջանին, որը տարիներ շարունակել արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հինգ հայտարարությունները, որ բոլոր երեք սկզբունքներն էլ հավասարազոր են և այս կամ այն սկզբունքն առանձնացնել պետք չէ։ Մինչդեռ Ադրբեջանը նշում է տարածքային ամբողջականության շրջանակներում հարցի լուծման մասին՝ արհամարհելով ինքնորոշման և ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքը: ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հստակ մեսիջ ուղղեց, որ երեք սկզբունքները պետք է դիտարկել մեկ փաթեթի մեջ, որ ինքնորոշման իրավունքն անքակտելի սկզբունքն է, այսինքն՝ առանց Արցախի ժողովրդի կամարտահայտության խնդրի լուծում չի կարող լինել»,- ասաց նա:
Խոսելով «Զվեզդա» ռուսաստանյան հեռուստաընկերության եթերում, Հայաստանի, ՀՀԿ-ի եւ Նժդեհի հասցեին հնչած արտահայտությունների մասին՝ Շարմազանովը նշել է, թե «Զվեզդա»-ի ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին, ընդունել, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական։
«Մեր գնահատականը հետեւյալն է, այդ հեռուստաեթերի ընթացքում հնչած ոչ կոռեկտ գնահատականները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններից։ Դրանք հարիր չեն, մեր խողովակներով պետությունը դիրքորոշումը հայտնել է։ Ավարտված համարենք ինցիդենտը»,- ասել է Շարմազանովը եւ հավելել. «Նժդեհը մեր ազգի մեծագույն հերոսներից է, շնորհիվ նրա մենք ունենք անկախ Սյունիք, հաղթանակած Ղարաքիլիսա»։