Լրատվամիջոցի հաջողությունը լսարանին դաշնակից դարձնելն է: Մենք ապրում ենք այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ միշտ պետք է փոխվել հասարակության պահանջներին համահունչ: Իր ելույթը «Թվապատում» միջազգային կոնֆերանսի շրջանակներում նման խոսքերով սկսեց ռուսաստանյան «Дождь» հեռուստաընկերությունը ներկայացնող Ելենա Կիրյուշինան:
Կարևորելով լսարանի դերը՝ վերջինս նշեց, որ լրատվամիջոցը իր գործունեության ընթացքում երբեք ուղղված չի եղել հասարակության որոշակի շերտի: Հեռուստաընկերության նպատակը եղել է ստեղծել այնպիսի լսարան, որն անմիջապես կապ կունենա լրատվամիջոցի հետ:
Ըստ Կրյուշինայի՝ սա լրատվամիջոցի ամենամեծ գրավականն է: Որպես սրա լավագույն օրինակ բանախոսը վկայակոչեց հենց «Дождь» հեռուստաընկերությունը. «Երբ ես լսարանին առաջին անգամ տեղեկացրի, որ մեր բովանդակությունն արդեն հասանելի է լինելու վճարովի բաժանորդագրությամբ, լսարանն այն աստիճան զայրացավ, որ անգամ պատրաստ էր դահլիճից ինձ վրա լոլիկներ շպրտել: Բոլորը հայտարարեցին, որ չեն պատրաստվում վճարել տեղեկատվության համար: Բայց, երբ տարիներ անց մենք ֆինանսական խնդիրներ ունեինք և ստիպված էինք 5 անգամ բարձրացնել բաժանորդագրության վճարը՝ մեր բաժանորդները միաձայն համաձայնեցին վճարել այդ գումարը լրատվամիջոցը սպառելու համար»,-նշեց բանախոսը՝ հավելելով, որ այժմ «Дождь»-ն ունի 7 մլն բաժանորդ:
Այս ամենը լսելուց հետո հարց է առաջանում, թե ինչպե՞ս է հեռուստաընկերությանը հաջողվել նման արդյունք գրանցել: Պատասխանը ավելի քան պարզ է՝ ամենակարևորը ճիշտ PR քաղաքականություն կազմակերպելն է: Կիրյուշինան կարևորեց նաև աշխատելաոճի և հասանելիության խնդիրը:
«Մենք ունենք մի շարք պրոյեկտներ, որոնք պատմում են տարբեր մարդկանց մասին, ինչպես օրինակ հաշմանդամների, թմրանյութերի ազդեցության և որբ երեխաների: Մեր հաղորդումների միջոցով բազմաթիվ մարդիկ են որդեգրվել: Մենք շեշտադրում ենք անում նաև հեղինակավոր դեմքերին: Օրինակ՝ Քսենյա Սոբչակը այստեղ հաղորդում է վարում: Ինչ վերաբերում է դիտմանը, ապա հեռուստաընկերությունը հասանելի է ամենուր՝ սոցցանցերով, սմարթ հեռուստատեսությամբ և արբանյակով»,-նշեց Կիրյուշինան:
Վերջինս՝ բաժանորդներից ստացվող գումարի համար առանձնացրեց ևս մեկ մեծ առավելությունը. եթե շատ կազմակերպություններ և գովազդատուներ կարող են դադարել լրատվամիջոցը ֆինանսավորելուց տարբեր պատճառներով, ապա մարդկանց ոչ ոք չի կարող արգելել գնել աբոնեմենտ հեռուստատեսության համար:
Եզրափակելով՝ Կիրյուշինան հույս հայտնեց, որ Հայաստանում ևս շուտով լրատվամիջոցները հասանելի կլինեն բաժանորդագրությամբ:
Վարդուհի Ստեփանյան