տուն Լուրեր Լավ ես արել, որ ինձ ազատությունից զրկել ես. մոռացել է՝ ով էր...

Լավ ես արել, որ ինձ ազատությունից զրկել ես. մոռացել է՝ ով էր 90-ականներին ԱԱԾ ղեկավարը

153
0

Armen-Rustamyan_1 (1)

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, թե 90-ականներին Դաշնակցության անդամների ձերբակալություններից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել:

«Կուսակցության չափորոշիչները չէ, որ քաղբանտարկյալներին պետք է որոշեն: Կան ԵԽ-ում ընդունված հինգ չափորոշիչներ, որոնցով պետք է գնահատվի: Պետք  է գնահատեն անաչառ, անկողմնակալ մասնագետները,  և ոչ թե քաղաքական դրդապատճառներով գնահատական տան։ Եթե այդ չափորոշիչներին համապատասխանի` այդպես կհամարվի: Եվ դրա ընթացակարգն էլ կա` ԵԽ-ն, որ զբաղվում է այդ ամեն ինչով, եթե այդպես լինի` մոնիթորինգի հանձնաժողովը կարձագանքի, և համապատասխան մարմինները դրան պատասխան կտան, ոչ թե ով երբ ուզի, իր նախասիրություններից ու քաղաքական ենթատեքստերից ելնելով, որոշի` ով ինչ բանտարկյալ է»,- ԱԺ ճեպազրույցների  ժամին ասել էր  Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին` Վարդգես Գասպարին իրենց կուսակցության համար քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ:

Անդրադառնալով դաշնակցական գործչի այս հայտարությանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հարություն Բաղդասարյանը նշեց, թե ըստ էության Դաշնակցությունը  ետ է գնում դեպի միջնադարեր, որտեղ նման խնդիրներ են եղել, իսկ իրենք էլ դրան մասնակից են եղել: «Ինչ վերաբերում է ռեալ դաշտին՝ քաղաքական բանտարկյալ հասկացությունը 2012 թվականին իրավական ձեւակերպում ստացավ ԵԽԽՎ-ում: Բայց,եթե չեմ սխալվում, ՀՅԴ-ին մեղադրում էին Դրոյի  գործով զենք-զինամթերք ստեղծելու, տեռորիստական ակտեր կազմակերպելու եւ այլնի համար, այդ գործը չավարտվեց, որպեսզի հասկանայինք, թե ինչ էին ուզում անել, եւ չարեցին: Այդ գործը մնաց առկախ՝ իրադրության փոփոխությունից հետո»,- ասաց փաստաբանը:  Հ. Բաղդասարյանը նշում է, թե ստացվում է՝ կամ Դաշնակցությունը չի ընդունում ԵԽԽՎ ձեւակերպումը, կամ այլ պատկերացում ունի այդ ամենի հետ կապված: Ըստ Բաղդասարյանի՝ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը ոչ թե քաղաքական ամուսնություն է, այլ պարզապես պաշտոնների բաժանում եւ կերակրատաշտին մոտ լինել:

Ինչ վերաբերում է Ռուստամյանի հայտարարությանը, ապա փաստաբանը  հիշեցնում է, որ 90-ական թվականներին Ազգային անվտանգության ղեկավար է եղել Սերժ Սարգսյանը: Ստացվում է՝ ՀՅԴ անդամներին կալանավորելու որոշումը տվել է մի անձ, որի հետ ՀՅԴ-ն հիմա համագործակցում է: «Եթե Սերժ Սարգսյանը նրանց ձերբակալել է, ազատությունից զրկել է, իրենք էլ իրենց քաղբանտարկյալ են կոչում, հետո էլ Սերժ Սարգսյանը այդ քաղբանտարկյալների հետ լավ ընկերություն է անում, ստացվում է մարդուն ազատությունից զրկել են, հետո եկել ասում է  ախպեր, լավ ես արել, որ ինձ ազատությունից զրկել ես, ես քո ցավն էլ տանեմ, մենք ձեզ հետ միասին թազա ճանապարհ ենք անցնում»,- նշեց Հարություն Բաղդասարյանը, շարունակելով. «Այսօրվա դրությամբ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ինչու՞, որովհետեւ նրանք ազատությունից զրկվել են իրենց քաղաքական հայացքների համար: Մասնավորապես՝ «քաղբանտարկյալ» տերմինը տարածվում է նրանց վրա, ովքեր իրենց գործողությունները վերագրում են Եվրոպական կոնվենցիայով իրենց տրված իրավունքներին՝ խղճի, մամուլի ազատություն եւ այլն, եւ ենթադրում են, որ իրենց  ազատությունից զրկել են իրենց կոնվենցիոն իրավունքները խախտելով»,- ասաց փաստաբանը:  Նրա խոսքով, եթե Վարդգես Գասպարին պառկում է դատարանի դահլիճում, դա չի նշանակում, որ նրանց պետք է կալանավորել: Սա նրա պայքարի մեթոդն է: