Լատվիայի ձեռնարկությունների ռեգիստրը հրաժարվել է իրենց երկրում գրանցել «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության ներկայացուցչությունը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ռեգիստրի մամուլի քարտուղար Էվիա Իվդրան:
«Որոշումը անցած երեկոյան (հինգշաբթի օրը) է կայացվել: Նոտարն ուսումնասիրել է փաստաթղթերը եւ որոշել, որ դրանք չեն համապատասխանում օրենսդրությանը», — ասել է նա:
«Ռուսաստանն այսօր» ՄՏԳ-ի Լատվիայում ներկայացուցչություն բացելու դիմումը տրվել էր ապրիլի 29-ին: Լատվիայի ձեռնարկությունների ռեգիստրը դրա հետ կապված էլեկտրոնային ԶԼՄ-ների հարցերով զբաղվող Ազգային խորհրդի կարծիքն էր հարցրել, որն էլ հանգել էր այն եզրակացության, որ ՄՏԳ-ի գրանցման նպատակը «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության շահերն արտացոլող տեղեկատվության տարածումն է»: