Լատվիան պարզեցրել է ՆԱՏՕ-ի ռազմական նավերի` երկրի տարածքային ջրեր մուտք գործելու արարողակարգը: Պաշտպանության նախարարության մշակած համապատասխան կանոնները հաստատել է Լատվիայի կառավարությունը:
«Եվրոպայում անվտանգության փոփոխված իրավիճակի հետ կապված եւ հաշվի առնելով Լատվիայի, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի պարտավորությունները, անհրաժեշտություն է առաջացել հնարավորինս արագ արձագանքել եւ ապահովել դաշնակիցների արագ ժամանումը Լատվիայի տարածք: Սա վերաբերում է ինչպես զորավարժություններին, այնպես էլ հնարավոր ճգնաժամային իրավիճակներին», — նշել են պաշտպանական գերատեսչությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Այն կարգը, որի համապատասխան օտարերկրյա նավերը կարող են մտնել Լատվիայի տարածքային ջրեր, հաստատվել է 2010-ին նախարարների խորհրդի ընդունած կանոններին համապատասխան: ՆԱՏՕ-ի նավերի` լատվիական ջրեր մուտք գործելու գործընթացին ընդհանուր առմամբ երեք նախարարություն է մասնակցում` արտաքին գործերի, պաշտպանության եւ միջավայրի պահպանության ու տարածաշրջանային զարգացման, ինչպես նաեւ երկրի Ազգային զինված ուժերը: