Բաքվում գտնվող ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը որևէ երկիր այս փուլում հնարավոր չէ. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Լապշինի փաստաբան Սաֆար Հուսեյնովը:
«Լապշինի դեմ հարուցված քրեական գործով քննությունը շարունակվում է: Քննության ավարտից հետո նա պետք է կանգնի դատարանի առաջ: Դատավճռի կայացումից հետո կարող է քննարկվել նրա արտահանձնման հարցը երկրներից մեկին, որի քաղաքացի նա չի հանդիսանում: Մինչև դատարանի վճռի կայացումը Լապշինը չի կարող արտահանձնվել որևէ երկիր»,- ասել է Հուսեյնովը:
Նշենք, որ փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու որոշման դեմ ներկայացված բողոքը, և նույն օրը բլոգերին արտահանձնել էին Բաքու:
Հիշեցնենք, որ Մինսկի ոստիկանությունը Լապշինին ձերբակալել էր 2016-ի դեկտեմբերի 15-ին, ով բնակվում է Մոսկվայում և գրում ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա հետախուզվում է Ադրբեջանում՝ 2011-ի ապրիլին, 2012-ի հոկտեմբերին և 2016-ի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011-ին նրան ներառել էր իր կողմից հետախուզվող անձանց ցուցակում: