տուն Լուրեր ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում լարվածության աճը

ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում լարվածության աճը

114
0

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարՔլեր Մեյթրոն այսօրվա հանդիպմանը
քննարկել են  ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները և առաջիկա անելիքները:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կողմերն անդրադարձել են  նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում լարվածության աճին: Արտահայտելով իր մտահոգությունը քաղաքացիական անձանց կյանքի, առողջության և գույքի նկատմամբ առկա սպառնալիքներին,  Ք.Մեյթրոն պատրաստակամություն է հայտնել ՀՀ պատկան մարմինների հետ համագործակցությամբ առավել խոցելի համայնքներից մեկում իրականացնել ռիսկերի նվազեցմանն ուղղված պիլոտային ծրագիր, որը ենթադրում է համայնքների դպրոցներում, մանկապարտեզներում ու առավել գնդակոծվող տեղամասերում պաշտպանիչ պատերի կառուցում և մարդկանց շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցառումների անցկացում:

Հանդիպման վերջում զրուցակիցները քննարկել են  Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հետ կապված, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ հարցեր: