Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Բրյուսել, ուր առաջինը հանդիպել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Այդ մասին նշված է Վրաստանի կառավարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ԵՄ-ի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմի վերացման հարցն ու ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով նախատեսված բարեփոխումների իրագործումը։
Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Տուսկին՝ ցուցաբերած աջակցության համար և հույս է հայտնել, որ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը կվերացվի մոտ ժամանակներս։
Բրյուսելյան այցի շրջանակներում Կվիրիկաշվիլին հանդիպելու է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի, եվրահանձնակատար Յոհաննես Հահնի ու եվրոպացի այլ պաշտոնյաների հետ։