տուն Լուրեր «Կտրուկ հրաժարում»-ը՝ օֆշորային կատեգորիա

«Կտրուկ հրաժարում»-ը՝ օֆշորային կատեգորիա

96
0

3-1

Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը օրեր առաջ հրապարակեց  «Պանամական փաստաթղթերի» առցանց տվյալների որոնելի բազա, որը պարունակում է ավելի քան 320,000 անձանց եւ օֆշորային ընկերությունների տվյալներ, ընդհանուր առմամբ՝ 11.5 միլիոն փաստաթուղթ:

Վերլուծաբանների խոսքով, «Պանամական փաստաթղթերը» բացահայտում են կոռումպացված երկրների եւ գործիչների մութ իրականությունը.

«Մեր տվյալներով, միայն զարգացող երկրներից յուրաքանչյուր տարի ապօրինի դուրս է բերվում մեկ տրիլիոն դոլար: Դա ավելի է, քան այդ երկրների կողմից ստացվող միջազգային օգնությունն ու արտասահմանյան ներդրումները», – ասել է «Գլոբալ ֆինանսական ազնվություն» հաստատության գործադիր տնօրեն Թոմ Քարդամոնը:

Նոր հրապարակված տվյալները պարունակում են Հայաստանի Հանրապետության  37 քաղաքացու անուն:  Դրանց շարքում էր նաեւ Արամ Հարությունյան անունով քաղաքացու անուն: Մամուլում հրապարակումներ եղան, որ Արամ Հարությունյանը Բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ, ներկայումս Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն է: Վերջինս սակայն հերքում է իր անվան հետ կապված սկանդալը: Araratnews.am-ի հետ զրույցում Արամ Հարությունյանն ասաց, թե  գաղտնազերծված Արամ Հարությունյանը ինքը չէ: Նա ասաց, թե դա իր հետ կապ չունի, եւ զարմանում է, որ լրատվամիջոցները «թարմացնում»   են թեման:  «Ես խնդրում եմ ձեզ ինքներդ վերցրեք խորացեք, անունների, հասցեների մեջ, եւ այլն: Ոչ միայն այդ դեպքով, այլ  ընդհանրապես օֆշորային եւ այլն: Բացի  այն, ինչ ես հայտարարագրում ներկայացրել եմ, կատեգորիկ, ոչ մի կազմակերպության մեջ ես որեւիցե ձեւով չկամ»,- ասաց Արամ Հարությունյանը:

Օֆշորային  սկանդալի վերաբերյալ իր մասնակցությունը հերքում է նաեւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Նրա գրասենյակը, որի հասցեն այդպես էլ հանրությունից եւ լրատվամիջոցներից գաղտնի է պահվում, երեկ հայտարարություն էր տարածել, թե Միհրան Պողոսյանը որեւէ կապ չունի պանամական ընկերություններում գրանցված հաշիվների հետ: Միհրան Պողոսյանի գրասենյակից «սպառնացել» էին առաջիկայում եւս հայտարարություն տարածել:

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանները շարունակում են հերքել իրենց մասնակցությունը  օֆշորային  ընկերություններին: Այդպես վարվեցին նաեւ ՀՀ նախկին  վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը:  Հայաստանյան իրականությունում կտրուկ հրաժարումը վաղուց դարձել է քաղաքական ու օֆշորային կատեգորիա: