Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դիակների փոխանակման գործընթացը մոտակա օրերին շարունակվելու է. Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ հույս հայտնելով, որ մի քանի օրից գործընթացը կավարտվի:
«Երբ պետք է ինչ-որ հատվածում որոնողական աշխատանքներ իրականացվեն եւ զոհվածների դիեր դուրս բերվեն, զինադադարի ռեժիմից բացի այդ հատվածներում պետք է պահպանվի զինադադարի ավելի խիստ ռեժիմ: Իրավունք չի լինում կրակել անգամ ատրճանակից, այսինքն՝ ընդհանուր զինադադարի հետ մեկտեղ որոշ հատվածներում նաեւ լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում»,- մեզ հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց Դավիթ Բաբայանը:
Մեր հարցին՝ առաջիկա օրերին եւս գործելո՞ւ է զինադադարի խիստ ռեժիմ, Բաբայանն ասաց՝ որոշ հատվածներում՝ այո, սակայն ընդգծեց, որ դա ընդամենն ընդհանուր զինադադարի ֆոնին լրացուցիչ միջոցառում է:
Անդրադառնալով ադրբեջանական կայքերից մեկի հրապարակմանը, որտեղ ներկայացված են հայ զինծառայողների փաստաթղթերի լուսանկարներ, Դավիթ Բաբայանն ասաց, որ այդ ամենը դեռ պետք է ճշտել:
«Ադրբեջանցիները ապատեղեկատվություն էլ են հրապարակում, այստեղից-այնտեղից գտնված ինչ-որ փաստաթղթեր ներկայացնում են որպես ռազմական ավար եւ այլն…»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններում խստորեն ապահովել կրակի դադարեցման ռեժիմը և սկսել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքները: Գործընթացը համակարգում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցչի դաշտային օգնականները: