Ուղիղ մեկ շաբաթ առաջ արդեն չորրորդ անգամ ՀՀ կրթության և գիտության նախարար նշանակված Լևոն Մկրտչյանն այսօր կառավարության նիստի ընթացքում մերժեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով պատգամավորն առաջարկում էր օրենսդրորեն ամրագրել բուհերի ուսխորհուրդների ապաքաղաքականացումը` զրկելով քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքական կուսակցության կառավարման մարմինների անդամներին բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի անդամ դառնալու հնարավորությունից:
«Մենք իսկապես ունենք պրոբլեմ բուհերի խորհուրդների կազմի գործունեության վերաբերյալ, կարիք կա ուշադրությամբ քննել ու հասկանալ ձևավորված մեխանիզմների վերանայումը: Բուհական ինքնավարությունը գերակա խնդիր է մեզ համար: Աշնանը պետք է ներկայացնենք ՀՀ «Բարձրագույն կրության մասին» օրենքը, որտեղ արդեն մեր ստանձնած պարտավորությունների շրջանակում արմատապես փոխվելու է նաև խորհուրդների ձևավորման կարգը»,- մերժումն այսպես հիմնավորեց նորանշանակ նախարարը, ապա նշեց, կիսելով պատգամավորի մտագոհությունները, իր հետ ևս հարցը կքննարկեն:
«Դուք պաշտոնը ստանձնելուց խոսել եք այս մասին, որ պետք է կրթական համակարգը ապաքաղաքականացնել ու մերժում եք օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է հենց նույն բանը, հակասություններ չե՞ք տեսնում Ձեր հայտարարությունների ու գործողությունների միջև», Araratnews.am-ի այս հարցին ի պատասխան` նախարարն ասաց. «Ոչ, ես իմ բոլոր խոսքերի համար պատասխանատու եմ: Պատգամավորի մտահոգությունը որոշակի հիմնավորում ունի, բայց փորձել մասնակի կամ կտրուկ լուծում տալ մյուս խնդիրները չլուծելով՝ չի լինի»:
Մարնամասներրը` տեսանյութում:
Շողիկ Գալստյան