Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին պատրաստվում է թեկնածություն դնել հաջորդ տարվա նախագահական ընտրություններում: Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Սարկոզին խոսել է այն մասին, թե հատկապես ինչ ծրագրեր ունի նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում:
Նշել է, որ նախագահ դառնալու դեպքում առաջին հերթին կփորձի համոզել Անգլիային՝ դուրս չգալ Եվրամիությունից (ԵՄ): Երկրորդ կարևոր գործը, որ նախատեսում է անել Սարկոզին, դա Թուրքիայի հետ ընթացող եվրաինտեգրման բանակցությունների դադարեցումն է:
Ֆրանսիայի նախկին նախագահը մանրամասնել է, որ ծրագրում է նախապատրաստել Եվրամիության նոր պայմանագիր և Գերմանիայի աջակցությամբ այն ներկայացնել Անգլիային՝ առաջարկելով մնալ միությունում: Սարկոզին նշել է, որ չէր ցանկանա Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններ վարելիս կորցնել Եվրոպայի երկրորդ ամենամեծ տնտեսությունը:
Ընտրվելու դեպքում նախապատրաստվելիք նոր պայմանագրի շրջանակներում կդադարեցվեն բանակցությունները Թուրքիայի հետ:
«Գուցե եկել է ժամանակն ասելու, որ Թուրքիայի տեղը Ասիայում է: Ես հավատարիմ եվրոպացի եմ: Երբևէ չեմ մտածել ԵՄ-ից դուրս գալու մասին, բայց ԵՄ-ն էլ պատշաճ կերպով չի աշխատում»,- հավելել է Սարկոզին: