2015 թվականին Հայաստանում կար 989 ծառայողական մենքենա: 2016 թվականին իշխանությունները, որոշեցին ծառայողական մեքենաների թիվն ավելացնել եւս 83-ով: Արդյունքում՝ Հայաստանում ներկայումս կա 1072 ծառայողական մեքենա: 2016-ի պետբյուջեով 1072 ծառայողական ավտոմեքենաների սպասարկման համար նախատեսված է 1.2 միլիարդ դրամ, բայց այս գումարի մեջ չեն մտնում վարորդների աշխատավարձերը:
Համեմատության համար նշենք, որ օրինակ Դանիայի պետական բյուջեն մոտ 60 անգամ մեծ է հայաստանյանից, սակայն այդ երկրում կա ընդամենը 23 ծառայողական ավտոմեքենա:
Բյուջեի միջոցների անարդյունավետ ծախսման մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք: Աղքատ Հայաստանի համար սա իրոք ճոխություն է: Երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց ենթակաները, սակայն երբեք էլ չեն սթափվում: Առաջնագծում պատերազմը շարունակվում է: Պաշտոնական տվյալների համաձայն ՊԲ-ն ունի 44 զոհ, 100-ից ավելի վիրավորներ, երկու տասնյակ անհետ կորածներ: Տեղի ունեցածը կսթափեցնի՞ արդյոք գործող իշխանություններին, հատկապես այն պարագայում, երբ Սերժ Սարգսյանը Գերմանիայում հայտարարեց, որ հայ զինվորները կռվում են 1980-ականների զենքերով, երբ կարելի էր անտեղի վատնված այդ գումարները ծախսել զինտեխնիկան գոնե մի քիչ արդիականացնելու վրա:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը Araratnews.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը, նշեց՝ փաստը, որ իշխանությունները ճոխ կյանքով են ապրում, արվում է երկրորդի հաշվին: «Բայց շատ ավելի խորը հարցեր կան մեր սպառազինության ցածր մակարդակի հետ կապված: Խոսքը բոլոր տեսակների մասին է: Ինձ թվում է, որ շուտով՝ մեկ-երկու շաբաթից պետք է սկսվի այս ամեն ինչի վերագնահատելու ժամանակը կոռուպցիայի եւ պաշտպանվածության համակարգերի տեսակետից»,- ասաց Ենոքյանը:
Միեւնույն ժամանակ նա նշեց, որ Հայաստանը եւս ձեռք է բերել ժամանակակից սպառազինություն, այլ հարց է, որ տանկերը հին են: «Տանկերը հին են, բայց այդ հրթիռային տեխնիկան, որ ձեռք է բերվել, հակատանկային համակագերը՝ դրանք բոլորը նոր են»,- ասաց Ենոքյանը:
Անդրադառնալով Մեդվեդեւի այցին, որի ժամանակ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը իրենց մտահոգությունն են հայտնել, թե ՌԴ-ն շարունակում է զինել Ադրբեջանին, եւ պատասխանելով այն հարցին, թե արդոք հարաբերությունները վերանայելու ժամանակը չէ՞, քաղաքագետն արձագանքեց. «Պետք է լինի, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները տվյալ պահին պատրաստ չեն գնալ այդ քայլին: Հայ-ռուսական հարաբերությունների հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները չունեն լեգիտիմություն, նրանք այդ լեգիտիմությունը ստանում են Կրեմլից, այդ պատճառով էլ նրանք չեն կարողանում չենթարկվել Կրեմլին»:
Աղասի Ենոքյանը սխալ է համարում նաեւ Հովիկ Աբրահամյանի այն տեսակետը, թե Ադրբեջանը, եթե ՌԴ-ից զենք չգնի, ապա կգնի Թուրքիայից: «Մենք համոզված չենք թե ինչքանով Թուրքիան կկարողանա, զուտ իրավական տեսանկունից որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր ինքնուրույն զենք վաճառելու իր որոշումների մեջ, հետո թող թուրքերից առնեն: Խնդիրն այն է, որ գոնե բարոյական հարց չի բարձրացվի, որ մեր տնտեսական բարեկամը, այն երկիրը, որի բյուջեն հավաքագրվում է մեր երկիր ներմուծվող ապրանքների մաքսավճարներից, դրանք ուղղվեն Ադրբեջան»,- ասաց Ենոքյանը: