տուն Լուրեր Կփոխի՞ իշխանությունն իր վերաբերմունքն ազատամարտիկների հանդեպ

Կփոխի՞ իշխանությունն իր վերաբերմունքն ազատամարտիկների հանդեպ

124
0

hhk

Վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը միասնական պատրաստ է պաշտպանելու իր հայրենիքը: Զինվորներ, սպաներ, ազատամարտիկներ, բանվորներ ու նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ մեկնեցին առաջնագիծ` հակառակորդի դեմ կռվելու համար: Արդյոք իշխանությունը, որը տարիներ շարունակ անտեսել է զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամ ազատամարտիկներին, կփոխի իր վերաբերմունքը նրանց հանդեպ: Ազատամարտիկներ, ովքեր նաեւ գտնվում են անազատության մեջ պատրաստակամություն հայտնեցին մեկնել առաջնագիծ: Ինչպիսին է իշխանությունների տեսակետը, սթափվե՞լ են արդյոք վերջիններս:

«Նախ պետք է արձանագրենք, որ վերջին օրերի ծանր իրավիճակը ցույց տվեց, թե որքան համախմբված է մեր ժողովուրդը: Հասարակությունը միասնական է, տարբեր քաղաքական ուժեր, երկրապահներ, ազատամարտիկներ, տեսաք թե ինչքան ազատամարտիկներ են մեկնել շփման գիծ: Առանցքային դերակատարում ունեն նաեւ ազատամարտիկները, ովքեր իրենց անցած ճանապարհով ապացուցել են, որ հայրենիքի պաշտպանության գործում անուրանալի է նրանց դերը: Ինչ վերաբերում է այն ազատամարտիկներին, ովքեր գտնվում են անազատության մեջ, ապա նրանք որոշակի հանցագործության կատարման համար մեղավոր են ճանաչվել` օրինական ուժի մեջ մտած մեղադրանքով, եւ պատիժ են կրում համապատասխան վայրերում»,- ասաց Նահապետյանը:

Մեր հարցին, թե խոսքն, առհասարակ, ազատամարտիկների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության մասին է, Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Մինչ այս պահը ազատամարտիկների նկատմամբ պետության կողմից ցուցաբերվել է բավականին պատշաճ  մոտեցում, եւ պետությունն անում է հնարավորինը»: Նրա խոսքով՝ կան խնդիրներ, որոնք պահանջում են տասնյակ տարիների լուծումներ: Կորյուն Նահապետյանին հիշեցրեցին, որ զինծառայողներից մեկն իր անձնագիրն է  գրավադրել, որպեսզի հիվանդ մոր համար դեղ գնի, ԴԱՀԿ-ն ազատամարտիկի բնակարանն է բռնագանձել, որպես իշխանության ներկայացուցիչ վատ չի՞ զգում:

«Իհարկե ես վատ եմ զգում, որ չենք կարողանում դեռեւս բոլոր  խնդիրներին լուծում տալ, բայց որ մենք ունենք պատրաստակամություն, ունենք բարոյական պատրաստակամություն, մեր հնարավորությունների սահմանում փորձում ենք լուծում տալ՝ դրանում որեւէ մեկը չի կասկածում»,- եղավ Կորյուն Նահապետյանի պատասխանը:

Ըստ նրա՝ բազմաթիվ գործարարներ իրականացնում են ազատամարտիկների սոցիալական խնդիրները կարգավորելու ծրագրեր: «Այն, որ մեր հասարակության մեջ կա սոցիալական անհավասարություն՝ դա գաղտնիք չէ»,- ասաց Նահապետյանը: