Միջազգային փորձը ցույց է տվել, որ ուրիշ երկրի զինծառայողների կատարած հանցագործությունը միշտ փորձել են կոծկել: Նույն դեպքին էլ ականատես եղանք մենք՝ այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանում առաջին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը: «Կա աշխարհաքաղաքական խնդիր, որը լուծվում է այս ձևով: Կա նաև մի խնդիր, ըստ որի՝ մենք հասկանում ենք, որ մեր իշխանություններն ի զորու չեն ճիշտ արձագանքել և լուծում տալ այսպիսի բավականին հեշտ իրավիճակում»:
«Ինձ համար ավելի կարևոր և ավելի դատապարտելի են հանցագործությունը կոծկելու բոլոր հնարավոր տարբերակները իշխանությունների կողմից»,- հայտնեց Լարիսա Ալավերդյանը։- «Կոծկելով հանցագործությունը՝ ռուսական ռազմաբազան ևս դառնում է հանցագործության մասնակից: Այն ամենը, ինչ մեզ մատուցվել է իշխանությունների կողմից՝ ծայրագույն անգրագիտություն է: Ռուսական կողմը ներկայացնում է, որ ռուս զինվորը լքել է ռուսական տարածքը: Սակայն, քանի տարի է Գյումրիում կառուցված է այդ ռազմաբազան, համարվել է հայկական տարածք, և ոչ ռուսական»:
«Այն հայտարարությունները, որոնք արել է դատախազը՝ ճշմարիտ են, բայց դրանք միայն ճշմարտության մի մասն են»,- նշեց Լարիսա Ալավերդյանը: «Ինչ ասել է դատախազը կամ ինչ հայտարարություններ արել են՝ ճշմարիտ են եղել: Սակայն, դրանք ճշմարտության մի մասն են կազմում: Հիստերիաների նոր ալիք կարող է բարձրանալ, եթե ճշմարտությունն ամբողջությամբ չասեն: Կամ, ինչ է նշանակում՝ դատը անցկացվելու է Հայաստանում: Հնարավոր է դատը այստեղ անցկացվի, բայց միևնույն ժամանակ դատն անցկացնողները հայեր չլինեն»: