տուն Լուրեր Կոռուպցիա լինի բժիշկների՞ մոտ. փոխնախարարը՝ դեղատոմսով դեղերի մասին (տեսանյութ)

Կոռուպցիա լինի բժիշկների՞ մոտ. փոխնախարարը՝ դեղատոմսով դեղերի մասին (տեսանյութ)

116
0

Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքն այսօր խորհրդարանում կազմակերպել է  դեղատոմսերի ձեւերի, դեղատոմսերը գրելու, դեղերը բաց թողնելու կարգի, ինչպես նաև  դեղերի եւ դեղանյութերի  հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ լսումներ: Խոսքով հանդես եկավ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ դեղերը դեղատոմսով դուրս գրելու պահանջը կար 15 տարի առաջ, երբ ընդունվեց «Դեղերի մասին» օրենքը:

Մինչ դեղերը դեղատոմսով դուրս գրելու որոշումը, որը փուլ առ փուլ է իրականացվում,  դեղատներն ազատ վաճառում էին դեղատոմսով դուրս գրվող դեղերը. «Ցանկացած քաղաքացի, հարեւանների, ծանոթ բժիշկների համոզմամբ,  գնում  էր դեղատուն, ասում՝ աջ կողքս ցավում է: Դեղատան աշխատակիցն առաջարկում էր համապատասխան դեղը: Մի գործընթաց, որը չէր վերահսկվում: Հաճախ  բժիշկները հիվանդներին ուղղորդում էին ծանոթ դեղատուն: Այս գործընթացը եւս չէր վերահսկվում»:

Նախարարը նշեց, որ որոշումն ընդունելիս  հաշվի են առել զարգացող եւ զարգացած երկրների  փորձը:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե դեղատոմսը պետք է կնքվի, Սերգեյ Խաչատրյանն ասաց, թե կնքելը պարտադիր չէ, բժիշկը պարզապես դեղատոմսը ստորագրում է. «Ցավը  հանգստացնող թմրամիջոցները ստանալը եւս հեշտացրել ենք, նախկին կարգը հանել ենք: Եթե նախկինում երեք օրվա համար երեք-չորս կնիք, այդքան ստորագրություն,  հիմա  ցանկացած բժիշկ կարող է թմրամիջոցներ նշանակել՝ որպես ցավը հանգստացող միջոց, առանց որեւէ ստորագրության ու կնիքի: Պարզապես պետք է դեղատոմսով դա դուրս գրել: Սա շատ  կարեւոր է, քանի որ ցանկանում ենք պալիատիվ օգնությունը զարգացնել»:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե դեղերը դեղատոմսով դուրս գրելու պատճառով կոռուպցիան դեղատուն ենք տեղափոխում, գործադիր մարմնի անդամն ասաց, որ դա իր համար անհասկանալի է. «Բա ի՞նչ եք առաջարկում, կոռուպցիան լինի բժիշկների՞ մոտ: Չեմ հասկանում՝ դեղ վաճառող դեղատունը ինչպե՞ս կարող է ատկատ ստանալ: Իրենից ո՞նց կարող է ատկատ ստանալ»:

Սերգեյ Խաչատրյանը համամիտ է՝ այս որոշման հետեւանքով կավելանա հիվանդների հոսքը բժշկական հաստատություններում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Դավթյան