Ռուսաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի օդանավակայաններում իր երկրի հայազգի քաղաքացիների հանդեպ խտրականության դրսևորումները նրանց ազգային պատկանելության պատճառով։ Այս մասին հաղորդել է armeniasputnik-ը:
Ադրբեջանից Ռուսաստանի քաղաքացիներին ազգային պատկանելության համար արտաքսելը նրանց իրավունքների կոպիտ խախտում է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով այդ երկիր հայազգի մարդկանց մուտքն Ադրբեջան թույլ չտալու մասին հարցին։
«Ես այս մասին բազմաթիվ հաղորդագրություններ եմ տեսել, այդ թվում` սոցիալական ցանցերում։ Տոների ընթացքում նախադեպեր եղել են, մենք գրանցել ենք դրանք նաև նախկինում։ Պարբերաբար բարձրացրել ենք այդ հարցը ադրբեջանական կողմի մոտ, ասել, որ նման դեպքերը ավանդույթ են դառնում, ցավոք, վատ և սխալ ավանդույթ»,– նշել է Զախարովան։
Նրա խոսքով` մի քանի օր առաջ սոցիալական ցանցերում այս թեմայով հրապարակվել է մեծ նյութ, բայց դա ազգային պատկանելության պատճառով ՌԴ քաղաքացիների դեմ խտրականության առաջին դեպքը չէ։
ԱԳՆ տվյալներով` անցած տարի Ադրբեջան մուտք գործելու մերժման առնվազն 16 դեպք է գրանցվել։ Միաժամանակ ՌԴ քաղաքացիներին ժամեր շարունակ պահել են օդանավակայանում, այնուհետև բռնի ուժով արտաքսել երկրից։ Մերժման պաշտոնական պատճառ չի նշվել։
«Մեր կարծիքով` նշված փաստերը Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում են»,– նշել է Զախարովան։
Նրա խոսքով` դրանք հակասում են ռուս-ադրբեջանական մի շարք պայմանագրերի և համաձայնագրերի տառին և ոգուն։