Ինչպես գրում է Kinoashkharh.am կայքը, Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր նկարահանվում են մոլորակի տարբեր անկյուններում՝ թե՛ հայ, թե՛ օտարազգի ռեժիսորների կողմից: Յուրաքանչյուրն իր մոտեցումով ու շեշտադրումով է փորձում ներկայացնել XX դարի առաջին ցեղասպանության փաստը: Ոմանք խնդրին մոտենում են սեփական պետության շահերի տեսանկյունից՝ թեմայի արծարծումը զուտ պատրվակ դարձնելով: Ոմանք էլ մի գերդաստանի ողբերգական պատմությունն են նկարագրում՝ առանց խտացումներ ու հավաքական կերպարներ ստեղծելու: Իսկ մենք, մանավանդ 100-ամյակի շեմին, սպասում ենք մեծածավալ ու հզոր կինոկտավի, որը լիովին կպարպի մեր հույզերն ու ցավը, ցասումն ու արդարության պահանջը:
Ռուսաստանաբնակ պրոդյուսեր Վալերի Սահարյանը դեռ 2013-ին տեղեկացրել էր, որ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նախագիծ է մշակվում` լիամետրաժ խաղարկային ֆիլմ Կոմիտասի մասին, որի նկարահանումները պետք է այս տարի արդեն սկսված լինեին: Վալերին սեպտեմբերի վերջին Երևանում էր և «Կինոաշխարհին» մանրամասնեց կինոնախագծի մասին:
— Ինչո՞ւ հետաձգվեցին ֆիլմի նկարահանումները: Կինոնախագիծը ո՞ր փուլում է հիմա:
— Որոշ հանգամանքներ թույլ չտվեցին այս տարի սկսել նկարահանումները: Իսկ պետք էր լիարժեք պատրաստվել: Ես՝ որպես պրոդյուսեր, և մեր ստեղծագործական խումբը մտածեցինք՝ իսկ ինչո՞ւ շտապել, ինչ է թե ֆիլմը հասցնենք 100-ամյակին: Ի վերջո, սա այն թեման է, որ 88, 95, թե 100-ամյակ՝ էական չէ: Կարևորը որակյալ, ուժեղ ֆիլմ ստեղծելն է, այն էլ XX դարի հանճարի՝ Կոմիտասի մասին: Սցենարը շուտով վերջնականապես կմշակվի. նախապատրաստական աշխատանքները կավարտենք 2015-ի գարնանը, իսկ աշնանը կսկսենք նկարահանումները: 2016-ի գարնանը ֆիլմը պատրաստ կլինի:
— Դեռ անցյալ տարի տեղեկացրել եք, որ Ֆիլմում խաղալու են աշխարհահռչակ դերասաններ, հոլիվուդյան աստղեր: Կոմիտասի կերպարին մոտենալը մեծ պատասխանատվություն ու ռիսկ է: Ո՞վ է մարմնավորելու Վարդապետին:
— Մեր գերնպատակն է ստեղծել Կոմիտասի հավաքական կերպարը: Աշխարհը պետք է տեսնի ու համոզվի, որ այդ համաշխարհային հանճարի ողբերգական վախճանը հետևանքն է Հայոց ցեղասպանության: Կոմիտասին մարմնավորելու է օսկարակիր արտիստ Էդրիան Բրոուդին: Ոչ ոք չի կասկածում, որ նա տաղանդավոր դերասան է. համոզված ենք, որ Բրոուդին կմտնի Կոմիտասի կերպարի մեջ ու հրաշալի կխաղա: Նա կարդացել է սցենարը, շատ է հավանել ու համաձայնությունը տվել է արդեն: Եթե այլ՝ չնախատեսված հանգամանքներ չխանգարեն, Էդրիան Բրոուդին կնկարահանվի Կոմիտասի դերում:
— Էլ ի՞նչ դերասանների եք նախատեսել ներգրավել : Եվ ընդհանրապես ի՞նչ կերպարներ կան ֆիլմում:
— Կոմիսար Վերժե. նա է ներկայացնում այս պատմությունը: Դեռ հստակ որոշված չէ. կաʹմ Ժան Ռենոն կխաղա կոմիսար Վերժե, կաʹմ Ժերար Դեպարդյեն: Ընդհանրապես ֆիլմում լինելու են ցեղասպանության ահավոր պատկերներ, որոնց հետևանքով է գլխավոր հերոսը՝ Կոմիտասը, դեպրեսիա ապրում: Հիմնականում դեպքերը տեղի են ունենալու Փարիզի հոգեբուժական կլինիկայում, որտեղ հայտնվում է Վարդապետը: Կարևոր, առանցքային կերպար է նաև կլինիկայի բժիշկը, որին մարմնավորելու է Ալեն Դելոնը: Հոգեբուժարանում պառկած է նաև հրեա շախմատիստ Շպիլմախերը, որը մտերմանում է Կոմիտասի հետ ու միայն նրան է մոտ թողնում իրեն: Շպիլմախերի դերը խաղալու է Դասթին Հոֆմանը: Ֆիլմի երաժշտությունը գրելու է Տիգրան Մանսուրյանը, սաունդթրեքը՝ Սերժ Թանկյանը: Սցենարի հեղինակը Մարկ Արենն է: Ֆիլմի ռեժիսորը կլինի կաʹմ Միլոշ Ֆորմանը, կաʹմ Ռոման Պոլանսկին: Ֆիլմի բյուջեն կազմելու է 17 մլն դոլար:
Ես շատ ֆիլմերում եմ աշխատել. Կոմիտասի մասին ֆիլմն ամենամեծն ու հզորն է լինելու, բոլոր ֆիլմիերի թագն ու պսակը, ու դրա համար համախմբել ենք մեր բոլոր ջանքերն ու ուժերը, մտքերն ու հնարավորությունները:
— Ինչպե՞ս եք ներկայացնելու մեր հանճարին: Տարածված ու կարծրացած համոզմունք կա, որ Կոմիտասը խելագարվել է ու դրանից էլ մահացել: Սակայն ժամանակ առ ժամանակ կարծիքներ են հնչում, թե Կոմիտասը հանիրավի է հայտնվել հոգեբուժարանում, ու մահվան պատճառն ամենևին մտագարությունը չի եղել:
— Եկեք Երևանի փողոցներում հարցում անցկացնենք՝ ինչի՞ց է մահացել Կոմիտասը: Առնվազն 95 տոկոսը կպատասխանի՝ խելագարվել ու մահացել է: Իրականում շատ ուրիշ պատմություն կա թաքնված այդ լեգենդի հետևում՝ իրական պատմություն: Պարզապես սովետական տարիներին Կոմիտասի մասին միֆ, լեգենդ են ստեղծել, ներկայացրել ժողովրդին ու այդպես հարցը փակված համարել: Իրականում Կոմիտասը կեղծիքի ու ոճրագործության զոհ է. նրան խաբեությամբ են տարել Փարիզի հոգեբուժարան: Կոմիտասին հրավիրել են Փարիզի երաժշտական սիմպոզիում ու ճանապարհին ասել. «Եկեք մտնենք հիվանդանոց՝ առողջական ընդհանուր ստուգում անցկացնելու»: Մտցրել են կլինիկա ու վերջ. այլևս չեն հանել այնտեղից:
Շարունակությունն` այստեղ: