ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստում «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը բավական թեժ էր:
Կառավարությունն առաջարկում է բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, իսկ նույն արարքը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է կալանքով՝ 1-2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:
Հիմնական զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն ասաց, որ առաջարկով ցանկանում են պաշտպանել բժիշկներին անհարկի խոշտանգումներից:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ այս փոփոխությամբ օրենսդրությունը ծանրաբեռնում են: «Ես կողմ եմ, որ ծեծեն այն բժշկին, որ հիվանդին վիրահատարանում թողած՝ կողքի սենյակում սուրճի բաժակ է նայում»,- ասաց պատգամավորը:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ ասաց, որ եթե բժիշկը սխալ է արել, դա չի նշանակում, որ հիվանդի հարազատները պետք է ինքնադատաստան տեսնեն բժշկի հետ, քանի որ գործող օրենսդրությամբ բժշկի սխալի համար ևս նախատեսվում է պատիժ:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հորդորեց Գեւորգ Պետրոսյանին նման բան չասել: Եթե կան կողքի սենյակում սուրճ խմող բժիշկներ, տալ նրանց անուն-ազգանունը:
Թեժ քննարկումից հետո օրինագիծը դրական եզրակացություն ստացավ եւ ընդգրկվեց ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում: