«Այս պահի դրությամբ չգիտեմ, որովհետեւ անընդհատ ստանում ենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե իր էլեկտրոնային հասցեին քանի առաջարկ են ստացել: Հարցին, թե ի՞նչ են քննարկել շաբաթ օրը տեղի ունեցած նիստում, Դավիթ Հարությունյանն ասաց, որ նիստը փակ է եղել, եւ մանրամասներ ինքը չի հայտնի:
Դիտարկմանը, թե հասարակությունը չի վստահում իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի քայլերին, նկատի ունենալով, որ հենց իշխանություններն են կոռումպացված՝ Հարությունյանը պատասխանեց. «Դա պնդում է, շարունակեք ձեր պնդումը»:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին, ապա Հարությունյանն ասաց, թե այս պահին էլ քննարկումները շարունակվում են, եւ ինքը հույս ունի, որ կոնսենսունս կլինի: Եթե այն լինի, ապա, ըստ Հարությունյանի՝ կհրավիրեն ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում այդ հարցերը կքննարկվեն: