Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար 40 մլն դոլարի վարկային համաձայնագրի քննարկմանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշեց, թե երբ Երևանի կայուն զարգացման համար վարկային ծրագիրն էին քննարկում, քննադատում էին իրենց, թե մարզերի համաչափ զարգացման մասին չեն մտածում, հիմա էլ երբ մարզային նույնանման ծրագրի մասին են խոսում, էլի ասում են, թե համայնքի մասին չեն մտածում:
«Մտածում ենք, ամեն ինչի մասին էլ մտածում ենք, բայց հնարավորությունների սահմանում»,- հայտարարեց նա:
Մելիքյանն անդրադարձավ այն քննադատություններին, թե արդյոք վարկային ծրագիրը նպատակային է: «Դարձրել ենք Կիկոսի մահի պատմությունը, այն դեպքում, երբ դեռ աշխատանքներ չեն կատարվել»,- ասաց նա:
Վարկային այս ծրագիրը քննադատեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Այն քննադատվեց նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կողմից: Իսկ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, թե վարկային այս ծրագրերով Հայաստանի արտաքին պարտքն է ավելանալու, որը տալու են ապագա սերունդները: Փոստանջյանը հայտարարեց, որ Ժառանգությունը դեմ է քվեարկելու:
Վարկային ծրագրի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նախ անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, թե Հայաստանը վստահելի գործընկեր է եւ դրա համար էլ նրան վարկ են տալիս: Զոհրաբյանը նկատեց` վարկ տալիս են, ոչ թե նրա համար, որ շատ վստահելի է, այլ այն, որ փողն է էժանացել: Ապա Նաիրա Զոհրաբյանն, ասաց, թե չկա վստահություն վարկային ծրագրերի նկատմամբ, որովհետեւ բոլորն էլ քաջ հայտնի է, որ դրանք իրենց բուն նպատակին չեն ծառայում:
Ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա էլ նշեց, թե վարկային ծրագրերի քննարկումների ժամանակ իրենք լսեցին եւ կառուցողական ելույթներ եւ նաեւ տաֆտալոգիաներ: Բաղդասարյանը համակարծիք չէր ընդդիմադիր պատգամավորների տեսակետների հետ: Եզրափակելով նա նշեց, որ առաջիկայում եւս վարկային ծրագիր են քննարկելու, իսկ ՀՀԿ-ն բնականաբար կողմ է քվեարկելու: