տուն Լուրեր Կիկոսի մահը չսարքենք. պատգամավորը՝ Մարտի մեկի գործով մեղադրյալին ազատ արձակելու մասին

Կիկոսի մահը չսարքենք. պատգամավորը՝ Մարտի մեկի գործով մեղադրյալին ազատ արձակելու մասին

132
0

Մարտի 1-ի գործի շրջանակում սպանության մեղադրանքով կալանավորված, ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանն ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Իշխանության ներկայացուցիչները որեւէ կերպ չեն արձագանքել  դատարանի երեկվա վճռին: Փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ «Ֆեյսբուքում» սա համարել էր իշխանության ձախողումը, ապա հիշեցրել՝  իշխանությանը բազմիցս զգուշացրել են Մարտի 1-ի գործով որևէ բացթողում թույլ տալու բացառման մասին:

Araratnews.am-ը զանգահարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանին՝ նրա մեկնաբանությունը լսելու դատարանի երեկվա որոշման մասին: «Անկեղծ ասած, գործի հանգամանքներին ծանոթ չեմ: Որեւէ գնահատական չեմ կարող տալ: Չեմ հասկանում, թե իշխանությանն ինչու են մեղադրում: Մեղադրում են, որ դատարանների վրա ճնշում չե՞նք գործադրել: Վճիռը դատավորն է կայացնում: Դատավորներն անկախ են գործում»,- ասաց օրենսդիր մարմնի անդամը:

Մեր դիտարկմանը, թե սա իշխանության ձախողումն են համարում, քանի որ Մարտի մեկի գործում ոչ մի բացթողում չպետք է լինի, Էդգար Առաքելյանն ասաց. «Մատից ծծած մեղադրանքները չեմ ուզում մեկնաբանել: Կիկոսի մահը եկեք չսարքենք: Վստահ եմ՝ կա քաղաքական կամք, որ արդար քննություն գնա, արդար դատավարություն գնա Մարտի մեկի գործով»:

Սոնա Դավթյան