
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեկտեմբերի 15-ին` նիստի բացմանը, պատվիրակությունների նախապատրաստական խմբերի ղեկավարներ ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Սարմեն Բաղդասարյանը և Քուվեյթի Տնտեսական հարցերով հանձնակատարի տեղակալ Սամի Նասեր Ալ-Սակաբին գոհունակությամբ ընդգծել են երկու ժողովուրդների միջև առկա փոխվստահության բարձր մակարդակը, ինչը հիմք է հանդիսանում երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման համար:
Դեկտեմբերի 17-ին հանդես գալով հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի եզրափակիչ նիստին՝ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդգծել է նախանշված աշխատանքների իրագործման կարևորությունը երկու բարեկամ երկրների միջև համագործակցության սերտացման համար: Առանձնահատուկ կարևորվել է Քուվեյթի և Հայաստանի միջև ուղիղ օդային կապ հաստատելու հրամայականը, որի բացակայությունը լուրջ խոչընդոտ է հանդիսանում առևտրատնտեսական ու միջմշակութային կապերի, ժողովուրդների շփումների ամրապնդման համար:
Նիստի ավարտին նախարարներ Երիցյանը և Խալեդ Ալ-Սալեհը ստորագրել են Կրթության և գիտության ոլորտում համագործակցության գործողությունների ծրագիր, Բժշկագիտության և առողջապահության ոլորտում համագործակցության շուրջ փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի նիստի Համաձայնեցված արձանագրությունը:
Նախարար Երիցյանը նաև հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության վարչապետ շեյխ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների կառավարությունների միջև տարատեսակ ոլորտներում համագործակցության, փոխօգնության հարցերին, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային արդի խնդիրներ: