Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի գյուղացիներից մի քանիսի մասնակցությամբ մարտի 19-ին վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով դանակահարվել են գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը և դաշինքի համակիր Մանուկ Հովսեփյանը: Արամ Ասատրյանը տեղափոխվել է Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, նրա վիճակը կայուն ծանր է:
Ըստ մամուլի հրապարակումների՝ «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետին դանակահարել են հարակից գյուղերի Հանրապետականի թիմի անդամները: Թեմայի շուրջ Araratnews.am-ը զրուցել է Քուչակի գյուղապետ Հովիկ Ամիրյանի հետ:
Պարո՛ն Ամիրյան, երեկ ձեր գյուղում ի՞նչ միջադեպ է եղել, կպատմե՞ք մեզ:
Գյուղում երեկ միջադեպ չի եղել:
Դանակահարություն չի՞ եղել:
Չէ՛, գյուղում չի եղել, գյուղից դուրս է եղել:
Այո՛, բայց ձեր համագյուղացիների մասնակցությամբ:
Հա՛, մեր համագյուղացուն են դանակահարել:
Ինչո՞ւ, ի՞նչ է ձեզ հայտնի այդ միջադեպից:
«Բարգավաճ Հայաստան», Հանրապետական` նման խնդիր չկա, քաղաքացիներ են եղել, որպես քաղաքացի իրենց միջեւ միջադեպ է եղել:
Դանակահարվածը «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետն է, չէ՞:
Հա՛, շտաբի պետն ա, բայց դա նշանակո՞ւմ ա, որ Հանրապետականն ա դանակահարել: Ոստիկանությունը զբաղվում ա, կպարզեն:
Դուք չե՞ք լսել, թե ովքեր են դանակահարողները:
Չէ՛, չէ՛, մեր երիտասարդի վիճակը լավանա, կպարզվի:
Այսինքն՝ պնդում եք, որ միջադեպն ընտրությունների հետ կապ չունի՞:
Չէ՛, չէ՛, ընտրությունների, առավել եւս՝ Հանրապետական, «Բարգավաճ», կապ չունի: Ավելորդ բաներ պետք չի հրապարակել, մարդկանց մեջ լարվածություն ստեղծել:
Ի՞նչ հիմքով եք պնդում, որ միջադեպը կապ չունի ընտրությունների հետ, եթե ասում եք, որ մանրամասներից տեղյակ չեք:
Կապ չունի, որովհետև մեր գյուղի ԲՀԿ-ն ուրիշ գյուղի Հանրապետականի հետ ի՞նչ կապ ունի:
Ես ստույգ տեղեկություն չունեմ, բայց համոզված եմ՝ ընտրությունների հետ կապ չունի: