տուն Լուրեր Քրդերի հսկողության տակ գտնվող սիրիական Թելաբյադ շրջանում հայտնվել են ԱՄՆ-ի դրոշները

Քրդերի հսկողության տակ գտնվող սիրիական Թելաբյադ շրջանում հայտնվել են ԱՄՆ-ի դրոշները

73
0

սիրիա

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի (պատմ. Ուրֆա, Եդեսիա) Աքչաքալե շրջանին սահմանակից սիրիական Թելաբյադ շրջանում նկատվում են ԱՄՆ դրոշներ:

Ermenihaber.am լրատվական գործակալությունն ընդգծում է, որ սիրիական նշյալ բնակավայրն այժմ գտնվում է քրդական ուժերի՝ մասնավորապես «PYD»-ի (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության) վերահսկողության տակ:

Թուրքիան «PYD»-ին համարում է Անկարայի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) սիրիական թևը:

Սիրիայի ներքին պատերազմի ժամանակ նախ սիրիական ազատ բանակի, ապա «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հսկողության տակ անցած Ռաքքա քաղաքին հարակից Թելաբյադն արդեն ավելի քան մեկ տարի է վերահսկվում է քրդական ուժերի կողմից:

Թուրքական աղբյուրը նկատել է տալիս, որ երեկվանից ամրաշինությունների վրա «PYD»-ի դրոշների փոխարեն ծածանվում է ԱՄՆ-ի դրոշը: Այս փոփոխությունը թուրքական լրատվամիջոցը շատ արտառոց է համարում և նշում, որ առայժմ պարզաբանված չէ, թե ինչ նպատակով քրդական դրոշները փոխվել ամերիկյանով: