Վերջերս ակտիվորեն սկսել է քննարկվել Քրդստանի պետության ստեղծման հարցը, որում գլխավոր հարցադրումը հետևյալն էˋ որքանո՞վ է այսօր մեր պետությունն ու հայկական սփյուռքը պատրաստ դիմագրավելու այս գործընթացներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը:
«Այսօր Արևմտյան Հայաստանում բնակչության մեծ մասըˋ մոտ 6.5 մլն, քուրդ է: Քրդական պետության ստեղծման մասին խոսելիս նախ պետք է հաշվի առնել՝ արդյոք քրդական պետության ստեղծումը հակոտնյա կլինի ՀՀ շահերին, կնպաստի՞ թե ընդհակառակըˋ կվնասի մեր անվտանգությանը: Քրդերը մեծ հավականություններ ունեն ամբողջ Արևմտյան Հայաստանի նկատամբ, մինչդեռ պետք է ընդգծել, որ այդ տարածքների մեծ մասը հայապատկան տարածքներ են: Դա նաև ամրագրված է Սևրի պայմանագրով»,-նշեց նա:
Ըստ քաղաքագետի, պետության ռազմավարության տեսանկյունից, պիտի մոտակա 15-20 տարվա կտրվածքով կանխատեսումներ կատարվենˋ պարզելու համար, թե ինչ է մեզ սպասվում մոտ ապագայում: Քաղաքագետի կանխատեսումներովˋնշված ժամկետներում մենք ականատես կլինենք դե յուրե ճանաչված Քրդստանի պետության, իսկ ինչ վերաբերում է դրա դե ֆակտո ճանաչմանը, ապա, ըստ բանախոսի, այն արդեն իսկ այսօր գոյություն ունի:
Քաղաքագետը նկատեց նաև, որ այս հարցը Ցեղասպանության 100-ամյակին զուգահեռ շարունակվելու է քննարկվել: «Քրդական հարցը երբևէ միջազգային հարց չի եղել: Քրդերը մշտապես դիտարկվել են որպես թուրքական հանրության հարց: Բացի այդ էլˋ քրդերը եղել են կոտորողներ, մենքˋ կոտորվողներ, ուստի քրդերը միայն շահել են մեր կոտորածներից: Նրանք ձեռք են բերել նախ հայրենիք, ապա հարստություն. կանանց ու երեխաների մեծ մասը ևս բաժին է հասել նրանց, ուստի, եթե մենք բարձրաձայնում ենք Ցեղասպանության մասին, մենք պետք է նաև հստակ հիմանդրույթներ սահմանենք: Պետք է հստակ նշել, թե ինչ ենք մենք ուզում Ցեղասպանությունից, որովհետև միայն անմոռուկներ կպցնելով ու ման գալով՝ հարցը չի լուծվի»,-եզրափակեց բանախոսը:
Վարդուհի Ստեփանյան