տուն Լուրեր Կհրապարակվեն նաև ցուցակների հավաքագրմամբ զբաղված չինովնիկների անունները

Կհրապարակվեն նաև ցուցակների հավաքագրմամբ զբաղված չինովնիկների անունները

113
0

Untitled

Վեց օր հետո Գյումրու 58 տեղամասեր ղեկավարելու է այն մարդը, ում կինը մեր հեռախոսազրույցներում պատմում էր, թե ինչպես է ամուսնու հետ վերջին ձևերով վախեցնելով աշխատել մարդկանց հետ, ցուցակներ հավաքագրել Հանրապետական կուսակցության համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով՝ կհրապարակվեն նաև այն անձանց ցուցակները, ովքեր հանձնարարել են տնօրեններին ցուցակներ կազմել. «Օրինակ` մենք հետզանգ ստացանք Վեդիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարից, ով ասաց, որ ինքն է հավաքագրել ցուցակները, և հարցրեց, թե ինչով կարող է օգտակար լինել, և այսպիսի օրինակները շատ են: Մենք կհրապարակենք այն չինովնիկների անունները, ովքեր, դպրոցների տնօրենների խոսքերից դատելով, զբաղված էին այդ ցուցակների հավաքագրմամբ»:

Տնօրենները զանգել են բացառապես աշխատանքային օրերին և ժամերին, մինչդեռ Իոաննիսյանը հավելեց, թե Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ աշխատանքային ժամից դուրս տնօրենները կարող են զբաղվել ինչով ցանկանան. «ՀՀԿ հայտարարության ոճից կարելի է նաև դատել, որ մեզ մեղադրում են, թե մենք հենց իրենց կողմից վարչական ռեսուրսի չարաշահումն ենք ուսումնասիրել, և ոչ այլ կուսակցության, այսինքն`  թիրախավորել ենք Հանրապետական կուսակցությանը: Հազար ներողություն, իսկ ուրիշ էլ ո՞վ ունի վարչական ռեսուրս: Մյուսները վարչական ռեսուրս չունեն, որ չարաշահեն»:

Իսկ ձայնագրությունների հետ կապված իրավապահ մարմիններից միակ արձագանքն առայժմ եղել է միայն դատախազությունից. «Եթե չեմ սխալվում, իրավապահ մարմիններից միայն դատախազության հայտարարությունն է եղել այն մասին, որ ուսումնասիրում են այս ձայնագրությունները»:

Ինչ վերաբերում է ոստիկանության արձագանքին, բանախոսն ընդգծեց. «Ոստիկանությունն իրեն գցել էր դոդի բաղչեքը, ասում են` տեղը չկա նշված: Ասենք` հիմա տեղն ասում ենք` կոնկրետ 114 տնօրենի և 56 չինովնիկների կոնկրետ անուն, ազգանուններ` իրենց աշխատասենյակների գտնվելու վայրով: Թող գնան, խուզարկություններ անեն, հեռախոսները գաղտնալսեն, մենք հո նրանց տեղը չե՞նք անելու: Իրենք միայն ուսումնասիրում են մեր հրապարակումը, բայց օպերատիվ հետախուզման գործառույթները, որ իրենք պարտավոր էին անել, անգամ առանց մեր հրապարակման, իրենք չեն անում»:

Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ վերջում պատկան մարմինները կնշեն, որ այդ ձայնագրությունները դատարանում չեն կարող որպես ապացույց ծառայել, և գործը կփակեն: