ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի նոր անդամ Հայկ Ալումյանը օգոստոսի 6-ին Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Երկրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանները արդեն իսկ բողոք են ներկայացրել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ սկզբունքային առումով իր բողոքը չի տարբերվելու մյուս պաշտպանների ներկայացված բողոքից:
«Սկզբունքային առումով չի տարբերվելու, որովհետև մենք համակարծիք ենք այս հարցում, բայց ես էլ իմ սեփական փաստարկներն ունեմ փաստաբանների կողմից ներկայացված այդ նույն հիմնավորումներին և հանգամանքներին: Տարբերությունը փաստարկման ոճի և մոտեցումների մեջ է, բայց սկզբունքային առումով ոչ մի տարակարծություն չունենք», նշեց Ալումյանը:
Պաշտպանը կարծում է, որ Քոչարյանի կալանավորման խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքարկումը կքննվի այս շաբաթ:
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր էին ստորագրել 45 պատգամավոր, որոնց ճնշող մեծամասնությունը` «Հանրապետական» խմբակցությունից: