տուն Լուրեր Քոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի Մարտի մեկի գործից շեղելու համար է. փաստաբան

Քոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի Մարտի մեկի գործից շեղելու համար է. փաստաբան

115
0

Առերևույթ այն, ինչ տեսնում ենք, ես չեմ կարծում, որ այդտեղ որևէ մեկին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին զրպարտելու որևէ հիմք առկա է: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով հանգամանքին, որ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Նշենք, որ հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին:

«Քանի որ հայցադիմումն ամբողջությամբ հրապարակված չէ, հնարավոր չէ ամբողջական գնահատական տալ այդ հայցապահանջի հիմնավորումներին, բայց առերևույթ այն, ինչ տեսնում ենք, ես չեմ կարոծում, որ այդտեղ որևէ մեկ անձի, այդ թվում նաև՝ Ռոբերտ Քոչարյանին զրպարտելու որևէ հիմք առկա է, որովհետև ես չգիտեմ՝ որ կոնտեքստի մեջ է ասվել, կամ կոնտեքստից դուրս վերցված արտահայտություն է, բայց ակնհայտ է, որ դրա ենթատեքստը  հետևյալն է, որ Մարտի մեկի ողբերգության ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ի պաշտոնե հանդիսացել է զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատար և ՀՀ նախագահ, ի պաշտոնե ինքն է ղեկավարել այդ ամբողջ պրոցեսը, և այդ գործողությունների հետևանքով 10 մարդ է սպանվել: Հետևաբար, ես ենթադրում եմ, որ այս կոնտեքստում է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել, և այդտեղ որևէ մեկին զրպարտելու ընդհանրապես առերևույթ որևէ հատկանիշներ չեմ տեսնում»,- նշեց փաստաբանը:

Հաշվի առնելով էլ, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը հայց է ներկայացրել ԱԱԾ տնօրենի դեմ, մեր զրուցակիցն ընդգծեց. «Պատկերավոր կերպով ասած՝ սա իրավական գրոհ է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և բարձրագույն պաշտոնատար անձանց նկատմամբ: Սա, հասկանալի է, որոշակի տակտիկական կամ ռազմավարական նպատակ է հետապնդում ուշադրություն շեղելու կամ ցույց տալու համար, որ իրենք որևէ ձևով ընկճված չեն, հակառակը՝ պատրաստ են իրենց ենթադրյալ խախտված իրավունքները պաշտպանելու համար դիմել իրավասու մարմինների»:

Նորայր Նորիկյանի խոսքով՝ Քոչարյանի կողմից այս գործողությունները հիմնականում գլխավոր խնդրից ուշադրություն շեղելու համար են. «Բնականաբար, յուրաքանչյուր անձ իրավունք ունի  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու դատարան, այլ բան է, որ դրանց հիմքում շարժառիթներն են՝ գոնե հասարակության ճնշող մեծամասնության համար հասկանալի, որ Ռոբերտ Քոչարյանը փորձ է անում իրավական գործիքակազմի գրոհի միջոցով տպավորություն ստեղծել, որ ինքը ուժեղ է և որ վախենալու, կորցնելու որևէ բան չունի և ավելին՝ ինքը ոչ միայն դիմադրում է, այլև անցնում է հակահարձակման: Ես կարծում եմ, որ սրանք ուշադրությունը շեղող խնդիրներ են իր՝ Մարտի մեկի ողբերգության առումով հարուցված քրեական գործից, իր կարգավիճակից, որովհետև ինքն այս պահին փաստացի հանդիսանում է մեղադրյալ: Մենք հույս ունենք, որ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության արդյունքում ամբողջությամբ կբացահայտվի Մարտի մեկի ոճրագործության բոլոր խութերը, և մենք վաղ թե ուշ կիմանանք, թե ինչ դերակատարություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանը, և այդ ճշմարտությունը բացահայտվելուց հետո, կարծում եմ՝ իրենք կլռեն»:

Էմմա Հովսեփյան