Ազգային ժողովում սեպտեմբերի 13-ին ձևավորված Քննիչ հանձնաժողովն այսօր իր առաջին նիստն անցկացրեց: Այն քննարկելու էր ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման հարցը՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով:
«Հիմնական մտահոգության առարկան հանդիսանում է այն, որ եթե ՀՀ-ում գաղտնալսում են Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հատուկ քննչական ծառայության պետին, ապա ՀՀ-ում ոչ ոք երաշխավորված չէ իր մասնավոր կյանքի անօրինական միջամտության դեմ պայքարելու համար: Իսկ դա բացարձակ արժեք հանդիսացող սկզբունք է՝ երաշխավորված բազմաթիվ միջազգային պայմանագրերով, կոնվենցիաներով, մասնավորապես, Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կոնվենցիայի 8-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ ու ՀՀ օրենքներով»,- ասաց Հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
Նա հանձնաժողովի անդամներին կոչ արեց մտածել իրենց մանդատի շրջանակներում պետական մարմիններից փաստաթղթեր պահանջելու մասին:
«Յուրաքանչյուրս մեր մանդատի շրջանակներում ի՞նչ փաստաթղթեր կարող ենք պահանջել պետական մարմիններից, որոնք առնչվում են գաղտնիության ապահովմանն ու արդարադատության խոչընդոտմանը: Երկրորդ, միջազգային ո՞ր կազմակերպություններից մենք հրավիրենք մասնագետներ, հրավիրե՞նք, թե չհրավիրենք: Երրորդ, ո՞ր պաշտոնատար անձանց հրավիրենք հանձնաժողով՝ ներկայացնելու իրենց դիրքորոշումները: Դուք կարող եք առաջարկել հերթականությունը: Պետք է որոշենք, թե որ հարցադրումների շրջանակներում պետք է իրենցից պահանջենք դիրքորոշումների ներկայացում»,- նշեց Կոստանյանը:
Քննիչ հանձնաժողովի առաջին նիստն աշխատակարգային էր: Մեկշաբաթյա ժամկետում պետք է ներկայացվեն առաջարկներ աշխատակարգի մեխանիզմների շուրջ, ինչ միջազգային կազմակերպությունների պետք է հրավիրել, և առհասարակ պե՞տք է հրավիրեն, թե՞ ոչ։
Նիստը կշարունակվի սեպտեմբերի 26-ին՝ չորեքշաբթի օրը, ժամը 12.00-ին։