Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսից ուղիղ եթերում խոսեց իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ կայացած հանդիպման մասին։
Փաշինյանը սկսեց այն բանից, թե ինչու նախապես չի հայտարարվել հանդիպման մասին, և արդյո՞ք այն պլանավորված էր, թե ոչ։ Վարչապետը նշեց, որ սա Իլհամ Ալիևի հետ իր երրորդ հանդիպումն է, և նախկինում էլ պլանավորված չի եղել որևէ հանդիպում, ինչպես Դուշանբեում, այնպես էլ Սանկտ Պետերբուրգում։
«Համանախագահների մոտ ըմբռնում եղավ, որ այն միջոցառումներին, որտեղ մենք երկուսով մասնակցում ենք, առնվազն չխուսափենք հանդիպումներից։ Երբ որ կա առիթ հանդիպելու, խոսելու, հանդիպենք և խոսենք, մանավանդ, ինչպես ասել եմ, սրանք ոչ պաշտոնական հանդիպումներ են, ոչ պաշտոնական զրույցներ են, բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկն են և ոչ հանգրվանը»,- շեշտեց Փաշինյանը։
Անդրադառնալով Դավոսի հանդիպման կազմակերպմանը՝ վարչապետը նշեց․ «Դավոսի կազմակերպիչները, իմանալով, որ երկուսս էլ այստեղ ենք, մեզ հարցրել են՝ արդյոք դեմ չե՞նք հանդիպմանը, մենք ասել ենք՝ դեմ չենք, նույնն էլ Ադրբեջանի նախագահն է ասել, և մենք ոչ պաշտոնապես հանդիպել ենք և զրուցել ենք։ Այդ հանդիպման հիմքը եղել է այն պայմանավորվածությունը, որ չենք խուսափում հանդիպումներից»։
Փաշինյանի խոսքով՝ քննարկման բովանդակությունը բանակցային գործընթացի պատմությունն է։ «Ըստ էության, մեր հանդիպումների քննարկման բովանդակությունը կապված է ավելի շատ բանակցային գործընթացի պատմությանը՝ ե՛րբ, ո՛ր փուլում ինչ տեղի ունեցավ և այդպես շարունակ։ Քննարկում ենք նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան կոնտեքստում, ինչ հնարավորություններ կան, ուզում եմ ասել՝ ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկում, մտքեր ենք փոխանակում, բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու և շփվելու հնարավորությունը,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, — ուղիղ ուզում եմ ընդգծել՝ քննարկումների հիմնական առանցքը այն ամենն է, ինչի մասին խոսում ենք հրապարակային»։
Վարչապետը խոսեց նաև իր և Ալիևի հանդիպումների շուրջ տարածվող տարբեր մեկնաբանությունների մասին՝ շեշտելով, այդ գործիչները և մեկնաբանները փորձում են հանրությանը ներշնչել դավադրությունների տեսություններ։ «Հույս ունեմ, պայմանավորվածությունը մեր միջև մեկընդմիշտ է, որ դավադրություններ լինել չեն կարող, որովհետև աբսուրդ է մտածել այն մասին, որ մեր կառավարությունը կամ ես անձամբ որևէ դավադրության մեջ ներգրավվեմ կամ ներքաշվեմ»,- ասաց Փաշինյանը՝ մեկ անգամ նշելով, որ երկու երկրների ղեկավարներից յուրաքանչյուրը խոսում է իր պետության և ժողովրդի շահերի դիրքերից։ «Այլ բան մտածելը պարզապես իրավիճակի թյուրըմբռնման հետևանք է»,- եզրափակեց նա։