տուն Լուրեր ՔԿՀ-ներում ամենամեծ խնդիրը վաղաժամկետ ազատման, խցերի գերծանրաբեռնվածության և բժշկական սպասարկման խնդիրն է....

ՔԿՀ-ներում ամենամեծ խնդիրը վաղաժամկետ ազատման, խցերի գերծանրաբեռնվածության և բժշկական սպասարկման խնդիրն է. քննարկում

174
0

10345808_576878085777073_4800848558234811494_n

Այս տարվա ընթացքում ազատազրկված անձանց իրավունքների խախտման դեպքերի մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին ներկայացրեցին ՀՀ Արադարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները:

Հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանն ասաց, որ ամենամեծ խնդիրները վաղաժամկետ ազատումն է, խցերի գերծանրաբեռնվածությունն ու բժշկական սպասարկումը:

«Ահազանգերի թիվը գնալով մեծանում է: Բայց մի դրական կողմ կա, որ Արդարադատության նախարարությունը և վարչությունը սկսել են ավելի թափանցիկ աշխատել»,-ասաց Սարգսյանը:

Հասարակական դիտորդական խմբի դիտորդ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ ՔԿՀ-ներում պատժից վաղաժամկետ ազատման  ինստիտուտը և պատժի հետ անհամատեղելի ծանր հիվանդությունների հիմքով պայմանական վաղաժամ ազատման ինստիտուտը Հայաստանում բավականին վատ է գործում:

«ՔԿՀ-ներում մատների վրա կարող ենք հաշվել այն դեպքերը, երբ անձը պայմանական վաղաժամկետ ազատվել է: Հիմնականում հանձնաժողովը մերժում է այդ դիմումները: Ներկայացվող դիմումների թիվը գնալով մեծանում է վերջին տարիներին, բայց վերջնական արդյունքումˋ բավարարվող դիմումների թիվը նվազում է: Օրինակˋ2013-ին  դիմում է ներկայացրել 5460 դատապարտյալ,  հանձանժողովին ներկայացվել է ընդամենը 960-ը, որից անկախ հանձնաժողովը հավանության է արժանացրել 273 դիմումի և վերջնական բավարարել 261-ը»,-ընդգծեց  Հարությունյանը:

Հասարակական դիտորդական խմբի դիտորդ Նարե Մեսրոպյանն էլ նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում բժիշկ մասնագետների համալրման խնդիր կա:

«Կան ՔԿՀ-ներ, որտեղ առահասարակ բժիշկ գոյություն չունի, և դատապարտյալը բուժսպասարկում չի ստանում մասնագետի կողմից: Մեծ է նաև  մասնագետների վերապատրաստման հարցը: Քանի որ քիչ չեն հոգեկան խնդիրներ ունեցող դատապարտյալները, նաև հոգեբույժների ներգրավվածության հարցը կա: Բուժսարքավորումների ու դեղորայքների ցանկը մեծացնելու, համալրելու խնդիրը նույնպես առկա է»,-ասաց Մեսրոպյանը:

Հասարակական դիտորդական խմբի դիտորդ Արայիկ Զալյանն էլ հավելեց, որ  իրենք առաջարկ են ներկայացրել, որպեսզի  բուժսպասարկման ոլորտը ոչ թե  քրեակատարողական վարչության ենթակայության տակ լինի, այլ առողջապահության նախարարության, որը կլուծի նաև  բժիշկների պակասի խնդիրը:

Հասարակական դիտորդական խմբի դիտորդ Սերգեյ Գաբրիելյանը անդրադարձավ ՔԿՀ-ներում նույնասեռականների և հետերոսեքսուալների նկատմամբ խտրական վերաբերմունքին:

«Գերթե բոլոր ՔԿՀ-ներում խտրականություն կա նույնասեռականների և հետերոսեքսուալների նկատմամբ: Նրանց համար կան հատուկ խցեր, որոնց պայմանները ամենավատն են: Նույնասեռականներին հանձնարարվում է ամենաստորացուցիչ աշխատանքըˋ մաքրել զուգարանները, հատակը, սանհանագույցները, կոշիկները, բոլոր խցերը, աղբը: Նրանց հետ վերաբերվում են անմարդկային ձևով: Ճաշարաններից նույնասեռականները չեն կարող օգտվել, այնպես, ինչպես բոլորը: Նրանց սպասքը առանձնացված է: Նրանք ամբողջովին մեկուսացված են մյուս դատապարտյալներից»,-ասաց Գաբրիելյանը:

Ըստ դիտորդների արձանագրած խախտումների՝ կարևորագույն խնդիր է  նաեւ արգելված իրերի մուտք գործելը ՔԿՀ-ներում:

«Թե ինչպես է այդ իրը հայտնվում ՔԿՀ-ում՝ լուրջ ծառայողական ուսումնասիրություն չի կատարվում: Բացի այդ ՔԿՀ-ներում կա  խնդիր, որ հացադուլավորների համար հատուկ սենյակներ չկան»,-հավելում է Արայիկ Զալյանը: