Վերջին տարներին տուրիզմի ոլորտում ունեցած ձեռքբերումների և չլուծված խնդիրների մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը:
Վերջին տարիներին շատ մեծ աշխատանք է արվել տուրիզմի զարգացման համար, հայտնեց ռեկտորը, սակայն, կան մի քանի չլուծված խնդիրներ: Այս խնդիրների վրա պետք է սևեռենք մենք մեր ուշադրությունը: «Հայաստանը տուրիզմի համար է ստեղծված: Մենք ուղղակի պետք է աշխարհին Հայաստանի ինքնությունը ցույց տանք, և դրա մեջ կարևոր ներդրում ունեն գիդերը (էքսկուրսավարները-խմբ.)»:
Ըստ Ռոբերտ Մինասյանի Հայաստանի էքսկուրսավարները բավականին հայրենասեր, բազմակողմանի զարգացած, պատմությունն իմացող չեն: Նրանց գիտելիքների մակարդակը չի բավարարում ռեկտորին: Նա հայտնեց, որ էքսկուրսավարները պետք է լինեն բավականին զարգացած և հայրենիքին նվիրված մարդիկ:
Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան դրական էր՝ շեշտեց Ռոբերտ Մինասյանը: «Ճիշտ է, դրական շարժ տեղի ունեցավ գովազդում Քիմ Քարդաշյանի այցով: Բազմահազար մարդիկ իմացան Հայաստանի մասին: Սակայն, դա չի նշանակում, որ բոլորը Քիմի անունը տալով գալու են Հայաստան»:
Այն հարցին, թե որ երկրներից են հիմնականում տուրիստները գալիս, Ռոբերտ Մինասյանը պատասխանեց, որ Հայաստանի տուրիստների մեծամասնությունը գալիս են ԱՊՀ երկրներից: