Քիմ Քարդաշյանն անդրադարձել է ամերիկյան հայտնի Wall Street Journal-ում Հայոց ցեղասպանությունը ժխտող հոդվածի հրապարակմանը և իր վրդովմունքն արտահայտել այդ կապակցությամբ: Իր կայքում`kimkardashianwest.com-ում նա պատասխան հոդված է հրապարակել` Հայոց ցեղասպանության ժխտումը համարելով ամոթալի և անընդունելի:
«Իմ ընտանիքի անվան շուրջ բազմիցս կեղծ լուրեր են տարածվել: Մենք սովորել ենք անտեսել դրանք: Ստերը հաճախ են գլխատառերով հրապարակվում` հայտնվելով ամսագրերի շապիկներին: Սակայն երբ իմացա, որ մի ամբողջական էջ կեղծ գովազդ է հրապարակվում Wall Street Journal-ում Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ, ես չեմ կարող անտարբեր լինել:
Այդ գովազդը վճարվում է թուրքական պլատֆորմի կողմից, ովքեր հերքում են պատմաբանների բերած փաստերը, թե որքան մարդ է սպանվել Ցեղասպանության ժամանակ: Wall Street Journal-ի համար նման հոդված հրապարակելը անպատասխանատու, հիասթափեցնող և վտանգավոր քայլ է: Շատ պատմաբաններ հավատացած են, որ եթե Թուրքիան ընդուներ Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը, հրեաների Հոլոքոսը չէր լինի: 1939թ.-ին Լեհաստանը գրավելուց առաջ Հիտլերը ասել է. «Ով է այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»: Մենք ենք հիշում և մենք պարտավոր ենք հիշել» — իր կայքում գրել է Քիմ Քարդաշյանը: