Այս կիրակի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանն ու գործարար, անկուսակցական Էդգար Փարվանյանը: Վերջինս, սակայն, նույնպես վայելում է ՀՀԿ-ի աջակցությունը:
Araratnews.am-ի հետ զրույցում Փարվանյանը պարզաբանեց, որ գործող քաղաքապետին սատարում է ՀՀԿ-ի շրջանային կառույցը, իսկ իրեն ՝ տարածքային: «Շրջանայինը Ապարանն է` տարածքային գյուղերով, իսկ տարածքայինը Արագածոտնի մարզն է»,- պարզաբանեց թեկնածուն: Նրա խոսքով` նախընտրական քարոզարշավն ընթանում է կոռեկտության սահմաններում, եւ որևէ ավելորդ բան ինքը չի նկատել: Հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը, Է. Փարվանյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Ես Ինքնագնահատականով չեմ զբաղվում, գնահատական տվողը ընտրողն է, ով ամսի 18-ին իր խոսքը կասի»:
Անդրադառնալով իր եւ գործող քաղաքապետի թիմակիցների միջեւ երեկ տեղի ունեցած միջադեպին` Է.Փարվանյանը նշեց. «Ընդամենը պաստառ փակցնելու խնդիր կար, որը կարգավորվեց: Իմ կողմից օրենքը այլ կերպ էր մեկնաբանվում, նրանց կողմից՝ այլ, ի վերջո, օրենքը հաղթեց»: Էդգար Փարվանյանն ասաց, թե քաշքշուկ չի եղել:
Անդրադառնալով քաղաքում առկա խնդիրներին` թեկնածուն ասաց, թե հրատապ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ կան կուտակված, ահա թե ինչու իր առաջադրումն ինքնանպատակ չի համարում:
Հավելենք, որ գործող քաղաքապետը վայելում է նաեւ Քննչական կոմիտի ղեկավար Աղվան Հովսեփյանի հովանավորությունը: Գոռ Աբրահամյանը նաեւ Հովսեփյանի հիմնած «Նիգ- Ապարան» հայրենակցական միության փոխնախագահն է:
Էդգար Փարվանյանն ասաց, թե չի կարող այս պահին հստակ ասել` կօգնի՞ արդյոք գործող քաղաքապետին Հովսեփյանն իր լծակներով, թե՞ ոչ: Համենայն դեպս, Փարվանյանը նույնպես երկու տարի առաջ եղել է «Նիգ-Ապարան» միության փոխնախագահը: Ընթացքը ցույց կտա` եզրափակեց նա: Նշենք, որ նրա կարգախոսն է` «Սկսենք նոր էջից» :
Փայլակ Ֆահրադյան