տուն Լուրեր «Քարֆուրը» միակ սուպերմարկետն էր, որ գործում էր օրենքին համապատասխան. Ն. Փաշինյան

«Քարֆուրը» միակ սուպերմարկետն էր, որ գործում էր օրենքին համապատասխան. Ն. Փաշինյան

95
0

Շարունակվում է նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա. Հանդիպումների ժամանակ անդարդարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և կառավարության տնտեսական գործունեության առաջնահերթություններին:

«Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, որը ոչ միայն քաղաքական, այլև արժեքների հեղափոխություն է: Կարևոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել Հայաստանում տնտեսական հեղափոխության: Այդ առումով հիմա իսկապես մեր հեղափոխության ամենակարևոր շրջափուլն է, և պետք է ապահովենք տնտեսական ճեղքում Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ պետք է հստակ կանոններ լինեն տնտեսական գործունեության համար:

«Մենք այդ կանոնները բազմիցս հայտարարել ենք, բայց ենթադրում եմ, որ տնտեսական ավանդույթների բերումով դեռևս ոչ բոլորն են դրանց հավատում: Վարչապետ ընտրվելուց հետո հրավիրել եմ գործարարների շրջանակի և արել հետևյալ հայտարարությունը. որևէ գործարար շրջանակ ազատված է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Եվ մենք տնտեսական գործունեություն ծավալողների հետ հարաբերություններում ունենք ընդամենը երկու պայման և երկու շահագրգռություն. գործունեությունը պետք է լինի օրենքին լիարժեք համապատասխան և մենք բոլորին կաջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն և, իհարկե, հարկեր վճարեն: Եվ մենք ի գիտություն ենք ընդունել բիզնեսից եկող ազդակները, որ այդ օրենսգիրքը տնտեսական գործունեությունը բարդացնող է և հիմա ձեռնարկել ենք Հարկային օրենսգրքի բարեփոխումներ»,- նշել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունն այսօր բախվում է մեկ այլ խնդրի հետ, որը կապված է նախկինում եղած քաղաքականության հետ:

«Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ բազմաթիվ ընկերություններ ստիպված են եղել գործել այն տրամաբանության շրջանակում, որում եղել են տնտեսական կոռուպցիան, հովանավորչությունն ու մենաշնորհները: Վարչապետի կարգավիճակում իմ առաջին գործողություններից մեկը եղել է «Քարֆուր» սուպերմարկետ այցը, որովհետև այն միակ սուպերմարկետն էր, որ տվյալ պահին գործում էր օրենքին համապատասխան: Այդ մենության արդյունքում հսկայական սուպերմարկետը սկսել էր փոքրանալու մի գործընթաց, և հիմա կարող եմ ասել, որ այդ գործընթացը կանգնած է և երաշխավորված է ընդլայնվելու գործընթացը, որովհետև բոլոր սուպերմարկետներն այսօր գործում են օրենքին համապատասխան և այլ կերպ չի էլ կարող լինել»,- ընդգծել է կառավարության ղեկավարը` հավելելով, որ գործադիրը հիմա ստիպված է մի շարք հարցեր պարզաբանել աշխարհի ամենատարբեր երկրներից Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների հետ: