տուն Լուրեր Քարֆուր, SAS, թե՞ Yerevan City, ո՞րն է ավելի մատչելի

Քարֆուր, SAS, թե՞ Yerevan City, ո՞րն է ավելի մատչելի

135
0

85

Երեկ բացվեց Քարֆուր առևտրի կենտրոնը: Արդեն երեկվանից տարածվեցին լուրեր, որ նորաբաց առևտրի կենտրոնում գներն անհամեմատ բարձր են: Պարզելու համար, թե ինչ գներով կարելի է ձեռք բերել առաջին անհրաժեշտության իրերը Քարֆուրիցˋ Ararartnews.am-ի թղթակիցը շրջեց առևտրի կենտրոնով և համեմատեց ապրանքների գները Yerevan City և SAS սուպերմարկետների ցանցերի գների հետ:

Կաթանամթերքի գները  երեքում էլ տարբեր են, մինչդեռ որոշ կաթնամթերքներ նույն արժողությանն են:  Եթե համեմատութան համար դիտարկենք «Կովիկ» և «Մարիանա» ապրանքանիշի կաթերի հետ, ապա դրանք Քարֆուրից և Yerevan City-ից կարելի է գնել 380 դրամով, իսկ SAS –ից «Կովիկը»ˋ 390, իսկ «Մարիանան»ˋ 420 դրամով:

Թթվասերի գները Yerevan City-ում և Քարֆուրում գրեթե չեն տարբերվում: Օրինակ, «Աշտարակ կաթի» թթվասերի  450 գրամը երկու տեղում էլ արժե 510 դրամ, իսկ SAS-ումˋ 550: Նույն ապրանքանիշի 400 գրամանոց մածունը Yerevan City-ում և Քարֆուրում արժե 300, իսկ SAS-ուˋ  330 դրամ:  Ձվի գները ևս Yerevan City-ում և Քարֆուրում գրեթե չեն տարբերվում, իսկ SAS-ում նկատվում է մոտ 50 դրամի տարբերություն:

Մսամթերքի տեսանկյունից պատկերն այլ է: Երեք առևտրի կենտրոններից թանկությամբ աչքի է ընկնում Քարֆուրը, որտեղ, օրինակ խոզի մատներն արժեն 3790 դրամ, իսկ SAS-ում դրանց արժողությունըˋ 3115 դրամ է, իսկ Yerevan City-ումˋ 3540: Ի տարբերություն Yerevan City-իˋ Քարֆուրում Արաքս ԹՖ-ի սառեցված հավերի 1 կգ արժե 1530 դրամ, մինչդեռ Yerevan City-ից այն կարելի է ձեռք բերել 1250 դրամով:

Գնային տարբերություններ են նկատվում նաև նպարեղենի շարքերում: Եթե դիտարկենք ձեթի գները, ապա «Aведов» ֆիրմայի եգիպտացորենի ձեթերի 1 կգ SAS-ում արժե 1200 դրամ, իսկ  Yerevan City-ում և Քարֆուրումˋ 1075: Reddy ֆիրմայի յուղերն ավելի թանկ են Քարֆուրում: Այստեղ յուղի 1 կգ արժե 1940 դրամ, մինչդեռ Yerevan City-ում այն կարելի է գնել 1820 դրամով:  Մակարոնեղենի գները ևս տարբեր են: Օրինակ, «Divella »ապրանքնիշի մակարոնների 500 գրամը Yerevan City-ում արժե 500, Քարֆուրումˋ 560, իսկ SAS-ումˋ 620 դրամ:

Եթե դիտարկենք շաքավարավազի գները, ապա սովորական շաքարավազ Քարֆուրից և Yerevan City-ից կարելի է գնել 369 դրամով, իսկ ֆիրմային շաքարավազ, ինչպես, օրինակ, «Մառանիկի»ˋ 1 կգ Քարֆուրում արժե 820, իսկ SAS սուպերմակետում` 960 դրամ:

Ինչ վերաբերում է կենցաղային այլ ապրանքներին, ապա  այս ապրանքները համեմատաբար մատչելի են Yerevan City-ում: Օրինակ, «Dosia» լվացքի փոշիների 400 գրամն այստեղ արժե 430 դրամ, իսկ Քարֆուրումˋ 460, SAS-ում նույն ֆիրմայի լվացքի փոշին կարելի է ձեռք բերել 490 դրամով:  «Barf» լվացքի փոշիների 450 գրամը City-ում կարելի է գնել 390, իսկ Քարֆուրումˋ 440 դրամով: Գնային մեծ տարբերություն կա նաև զուգարանի թղթերի միջև: Օրինակ «Սելպակ» զուգարանի թղթերը  Yerevan City-ում արժեն  1350, իսկ Քարֆուրումˋ 2020 դրամ:

 

Ինչպես տեսնում ենք, երեք սուպերմարկետներում էլ գնային մեծ տարբերություններ կան: Նշված գներից երևում է, որ ամենաթանկ սուպերմարկետը SAS սուպերմարկետն է: Ինչ վերաբերում է Քարֆուրին, ապա այստեղ ևս շատ ապրանքներ ավելի թանկ արժեն, քան Yerevan City-ում:

 

Վարդուհի Ստեփանյան