Երկար պայքարից հետո, վերջապես գառնեցիները հասան իրենց նպատակին. Գառնիի ջրագծի կառուցումը կասեցվեց.«Նրանք հասկացան, որ մենք հաստատակամ ենք մեր որոշման մեջ: Հավանաբար, նրանք (պաշտոնյաները) ուրիշ ճանապարհներով չեն գնա, որովհետև միևնույնն ինչ ճանապարհով էլ գնան, մենք կանգնելու ենք ու թույլ չենք տալու, իրենց կործանարար սև գործը իրականացնեն: Դա ոչ միայն մեր անձնական, այլ հայրենիքի հարցն է լինելու: Մեր նպատակն այն էր, որ կյանքի գնով էլ լինի՝ մենք պետք է փրկենք մեր հայրենիքի այդ գեղատեսիլ մասունքը ոչնչացումից»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով իրենց պայքարին, նշեց Գառնի համայնքի բնակիչ, ակտիվիստ Արուսյակ Այվազյան:
Հարցին, թե մտավախություն չունեն, որ հետագայում նորից փորձեր կարվեն շինարարությունը սկսելու՝ Գառնիի բնակիչ, լրագրող Սառա Պետրոսյանը պատասխանեց.«Վարչապետը վերջին անգամ, որ ժամանեց Գառնի, ժողովրդի առջև հայտարարեց, որ ոչ թե կասեցվում, այլ չեղարկվում է ծրագիրը, որովհետև կասեցումը նշանակում է ժամանակավոր դադար, որից հետո կարող են ինչ որ գործողություններ լինել: Մենք մեր պահանջն իրականացած ենք համարում այն իմաստով, որ գոհ էինք այդ օրվա հանդիպումից, իհարկե ինքը դեռ պետք է փաստաթղթավորման փուլ անցնի, որովհետև վարկավորման այդ ծրագրով, երկկողմ պայմանավորվածություն է և, ըստ էության, հիմա ՀՀ կառավարությունը միակողմանի է հայտարարել դադարեցման մասին»:
Սառա Պետրոսյանը նաև հավելեց, որ գառնեցիները վերջին տարիներին անընդհատ ականատես են լինում իրենց մշակութային արժեքների ոչնչացմանը և Գառնիի ջրագծի կառուցումն առաջին անընդունելի ծրագիրը չէր.«Ժողովուրդն ըմբոստացած էր, որովհետև մենք ունեինք 11-րդ դարի կամուրջ, մշակութային շատ մեծ արժեք ներկայացնող, որը մշակույթի նախարարությունը մոտ 3 տարի առաջ, վերականգնելու խնդիր դրեց, տուֆակերտ մի շինություն սարքեց ու ոչնչացրեց այդ կամուրջը, «Քարե սիմֆոնիան» կոտրվեց պաշտոնյաների հովանավորչությամբ և նախաձեռնությամբ»:
Ասուլիսի մյուս բանախոս Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն էլ նշեց.«Մարդիկ այսօր կառավարում են երկիր, չհասկանալով, որ Հայաստանի նման երկրում բնապահպանական ցանկացած հարց կարող է վերածվել բնակչության պահպանության հարցի: Առանց հասկանալու՝ բազմաթիվ ծրագրեր են անում, որոնք մի քանի տարի հետո հանգեցնելու են սոցիալական և բնապահպանական լուրջ խնդիրների»: