տուն Լուրեր Քանի դեռ հայտարարված չէ, ուրեմն չկա. Շարմազանովը՝ ՀՀԿ- ՀՅԴ վերջնական համաձայնության մասին

Քանի դեռ հայտարարված չէ, ուրեմն չկա. Շարմազանովը՝ ՀՀԿ- ՀՅԴ վերջնական համաձայնության մասին

112
0

sharmazanov

ՀՀԿ- ՀՅԴ վերջնական համաձայնության դեռ չեն եկել: Կա միայն նախնական համաձայնություն, Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ նախնական համաձայնության մասին արդեն իսկ հայտարարվել էր  չորեքշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում: Նիստի ավարտից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ նախնական համաձայնություն է ձեռք բերվել, վերջնականի մասին էլ պետք է հայտարարվեր շաբաթվա վերջում:

Շաբաթն ավարտվում է, սակայն ՀՀԿ- ՀՅԴ քաղաքական ամուսնությունը օրինական ձև չի ստացել: «Ես ասել եմ, որ ընդհանուր առմամբ նախնական  համաձայնություն կա, վերջնականին սպասեք՝ շուտով: Այսինքն, որևէ բան չի փոխվել, նախնական պայմանավորվածությունը ուժի մեջ է, պայմանավորվածությունը ձեռք է  բերվել»,- ասաց ՀՀԿ մամլո խոսնակը: Վերջնական երբ պարզ  կլինի՞, հարցին, Շարմազանովը պատասխանեց. «Վերջնականի մասին, երբ կլինի՝ կիմանանք: Քանի դեռ հայտարարված չէ, ուրեմն չկա»: Էդուարդ Շարմազանովը նշեց, թե  ինչ-որ ինքն արդեն ասել է չորեքշաբթի օրը՝ ուժի մեջ է:

Ի դեպ, երեկ ՀՀԿ առանձին գործիչներ վստահեցնում էին, թե Բաղրամյան 26-ում տեղի ունենալիք  հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադառնալու է նաև ՀՅԴ- ՀՀԿ համագործակցության թեմային, սակայն Սարգսյանը որևէ կերպ այդ հարցին չանդրադարձավ:

ՀՅԴ-ից էլ պարզաբանում ստանալ չհաջողվեց: Դաշնակցական գործիչների հեռախոսները կամ անջատված են, կամ նրանք չեն պատասխանում զանգերին: