Այսօր տեղի ունեցավ Ռուսաստանի ու Հայաստանի բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստը, որին մասնակցում էին ՌԴ նախագահի միջազգային ու մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ԱԺ պատգամավորներ և արվեստի ներկայացուցիչներ:
Իր խոսքում Շվիդկոյն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին` ասելով, որ դրանք շատ խոր արմատներ ունեն:
«Ես կարծում եմ, որ մենք միասին ենք, որովհետև ունենք ընտրության հնարավորություն: Եվ ես վստահ եմ, որ հայ և ռուս ժողովուրդները: Հայերը հիմա ռուսական կյանքի բավական ակտիվ հատվածն են: Այն, որ Մոսկվայում բացվել է հայկական եկեղեցի, կարիք էր: Դա և մեզ էր անհրաժեշտ, և ձեզ: Այսօր ամենակարևորը մարդկանց հետաքրքրություններն են:
Շվիդկոյը, անդրադարձ կատարեց նաև լեզվի հարցին.
«Այսօր, եթե մարդ ուզում է բիզնեսով զբաղվել Ռուսաստանում, նա պետք է ռուսերեն իմանա: Ոչ ոք այսօր ռուսերեն չի սովորում, որպեսզի Դոստոևսկի կարդա: Չկա այլևս նման բան: Ամեն ինչ հիմնված է հետաքրքրությունների վրա»,- ասաց նա:
Խաչատուր Քոքոբելյանը հակադարձեց` ասելով.
«Անգլիացի մեծ գրող Ջորջ Բայրոնը հայերեն է սովորել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը կարդալու համար»:
Պատգամավոր Թևան Պողոսյանը ևս իր խոսքում անդրադարձավ Շվիդկոյի շոշափած լեզվի խնդրին.
«Շնորհակալ եմ, որ եկել եք Հայաստան: Բայց Ձեր խոսքից հասկացա, որ Կիսելյովից հետո դուք ռուսական soft power-ի հաջորդ ներկայացուցիչն եք: Բայց հավանաբար նա ավելի խիստ «զենքով» էր եկել: Նորից շեշտը դնում եք լեզվի վրա: Բայց ֆիզիկա սովորելու համար հայը պետք է հայերենով սովորի: Դրեք այդ բոլոր հարցերը հավասար հարթության վրա»,- ասաց նա ու շարունակեց.
«Դուք Վլադիմիր Պուտինի հետ բավական սերտ կապեր ունեք, խորհուրդ տվեք նրան` կամ ատոմային զենք վաճառել և Հայաստանին և Ադրբեջանին, կամ էլ օրենք ընդունեք կամ ՄԱԿ-ի բանաձև, որ այն երկրները, որոնք զենք կվաճառեն հարավային Կովկասում, սանկցիաների կհանդիպեն: Դրեք հայ-ռուսական հարաբերություններում այն հավասար հիմքը, որ ոչ մի ռուս լրագրող չգա ու այստեղ չասի, թե տաքսիստը ռուսերեն չգիտի կամ փողոցներում ռուսերենով ցուցանակներ չկան: Քանի՞ ցուցանակ կա Ռուսաստանում հայերենով»,- ասաց Թևան Պողոսյանը: