Երեկ լրացավ 1988-ի աղետալի երկրաշարժի 26-րդ տարելիցը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին հզոր ստորերկրյա ցնցումները կես րոպեի ընթացքում ավերեցին հանրապետության հյուսիսային մասը: Երկրաշարժի էպիկենտրոնում` Սպիտակում, ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 10 բալ (12-բալանոց սանդղակով): Պաշտոնական տվյալներով` զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը՝ դարձել հաշմանդամ, 530 հազար բնակիչ անօթևան էր մնացել:
Երկրաշարժը ոչնչացրեց Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի` Լենինականի (ներկայիս Գյումրի) բնակարանային և արտադրական ֆոնդի 80 տոկոսը: Քաղաքի՝ շուրջ 250 հազար բնակիչներից այսօր մնացել է 100 հազարից մի փոքր ավելին:
Երկրաշարժից 26 տարի անց էլ Գյումրիում հազարավոր ընտանիքներ շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում, բազմաթիվ այլ չլուծված խնդիրներ ունեն:
Գյումրին աղետից հետո, արդեն 26 տարի, դեռեւս չի ձերբազատվել տնակային կենցաղավարությունից եւ սոցիալական բազում խնդիրներից:
Պաշտոնական գրանցմամբ՝ Գյումրիում դեռեւս 1450 ընտանիք հերթացուցակում են (5000 քաղաքացի): Տարբեր տվյալներով, Գյումրիում շուրջ 3500 ընտանիք չի հաշվառվել տարբեր պատճառներով:
Ցանկացած մարդ, մտնելով Գյումրի, անմիջապես կտեսնի գյումրեցու աչքերի թախիծը. երկրաշարժն իր հետքն է թողել յուրաքանչյու գյումրեցու դեմքի վրա:
Կան մարդիկ, ովքեր տնակում չեն ապրում, սակայն անօթեւան են համարվում, մի մասը երկրաշարժի հետեւանքով բնակարան է կորցրել, քաղաքում չեն եղել, չեն հասցրել հաշվառվել եւ այսօր հայտնվել են անելանելի իրադրությունում:
Նշենք, որ արդեն երկրորդ տարին է, ինչ դեկտեմբերի 7-ը Գյումրիում համարում են նաեւ ամոթի օր, քանի որ ՀՀ իշխանությունները չկարողացան պահել իրենց խոստումը՝ մինչեւ 2013 թ.-ի դեկտեմբերի 7-ը ապահովել երկրաշարժից անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով:
Հավելենք նաև, որ արդեն երկրորդ տարին է նաեւ, որ ՀՀ իշխանություններից ոչ մի պաշտոնյա մայրաքաղաքից չի ժամանում Գյումրի:
Հ.Գ. Երկրաշարժից 26 տարի է անցել ու աղետի գոտին վերականգնելու համար երևի մի 26 էլ կամ ավելի շատ պետք կլինի մեր իշխանություններին, որ Գյումրին նորից փորձի ժպտալ: Հազարավոր տնակներ, ծայրահեղ աղքատություն. սրանք են հիմա երբեմնի ապրող ու կյանքով լեցուն Գյումրին բնորոշող բառերը:
Երանի այն օրը, երբ բոլորս կտեսնենք նախկին Գյումրին ու մտահոգ գյումրեցիների փոխարեն կտեսնենք հումոր անող ու ժպտացող մարդկանց:
Էմմա Պալյան