Այս տարի Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին։ Քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր՝ սեպտեմբերի 10-21-ը: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ի դեմս քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի, «Լույս» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ ի դեմս Միքայել Մանուկյանի, «Երևանի հանրություն» դաշինքը՝ ի դեմս Անահիտ Թարխանյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս Նաիրա Զոհրաբյանի, «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը՝ ի դեմս Արարատ Զուրաբյանի, «Ժառանգությունը»՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, «Օրինաց երկիրը»՝ ի դեմս Մհեր Շահգելդյանի, «Ռեֆորմիստներ» կուսակցությունը՝ ի դեմս Արտակ Ավետյանի, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, ի դեմս կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի:
Araratnews.am-ը ներկայացնում է Զարուհի Փոստանջյանի կենսագրությունը:
Կենսագրություն:
Ծնվել է 1972 թ. հունվարի 16-ին Երևանում։
- 1990-1994 — Երևանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը։ Իրավաբան-իրավագետ։
- 1993-1996 — աշխատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության դատախազությունում՝ որպես ավագ տեսուչ։
- 1998-1999 — աշխատել է «Հելսինկյան ընկերություն» հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավաբան։
- 1999 — Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության կողմից ստացել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր։ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է։ Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Շվեդիայում և Լեհաստանում։
- 1999-2000 — աշխատել է «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունում՝ որպես փաստաբան։
- 1999-2000 — աշխատել է «Դիկէ» իրավաբանական ծառայություն ՍՊԸ-ում՝ որպես փաստաբան։
- 2000-2002 — «Հայ Փաստաբանների միջազգային միություն» հասարակական կազմակերպությունում եղել է մի շարք ծրագրերի ղեկավար։
- 2004-2005 — եղել է «էնդաքսի» ՍՊԸ տնօրեն։
- 2006-2007 — աշխատել է ՀՀ ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես իրավաբան։
- 2000-2007 — եղել է «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք ծրագրերի ղեկավար, միաժամանակ եղել է «Պրոմեթևս» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով հեռարձակվող «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ և վարող։
- 2007 — 2012 — ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր։ Ժառանգություն խմբակցության անդամ։
- մայիսի 6, 2012 թվական — Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Ժառանգություն» կուսակցությունից։
Պատգամավորական գործունեություն:
- 2007 թվականից Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է,
- 2010 թվականից Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է,
- 2013 թվականից Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է,
- 2012 թվականի հուլիսից 2013 թվականի փետրվարը և 2013 թվականի սեպտեմբերից 2014 թվականի մարտը եղել է Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ,
- 2012 թվականի սեպտեմբերից 2013 թվականի սեպտեմբերը եղել է Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամ։
2014 թվականի դեկտեմբերի 4-ին Փոստանջյանը այն յոթ պատգամավորներից մեկն էր, ովքեր դեմ քվեարկեցին Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրին:
Պարգեւներ:
Զարուհի Փոստանջյանը «Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության կողմից պարգևատրվել է պատվոգրով, շքանշանով և հուշամեդալով՝ մասնագիտական հմուտ կարողությունների համար, իսկ Փաստաբանների պալատի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար՝ ՀՀ փաստաբանների պալատի պատվոգրով։
Ընտանիք:
Ամուսնացած է։ Ունի չորս զավակ։