Այս տարի Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին։ Քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր՝ սեպտեմբերի 10-21-ը: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` ի դեմս քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի, «Լույս» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ ի դեմս Միքայել Մանուկյանի, «Երևանի հանրություն» դաշինքը` ի դեմս Անահիտ Թարխանյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս Նաիրա Զոհրաբյանի, «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը՝ ի դեմս Արարատ Զուրաբյանի, «Ժառանգությունը»՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, «Օրինաց երկիրը»՝ ի դեմս Մհեր Շահգելդյանի, «Ռեֆորմիստներ» կուսակցությունը՝ ի դեմս Արտակ Ավետյանի, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ ի դեմս կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը՝ ի դեմս Մանուել Գասպարյանի:
Ներկայացնում ենք Միքայել Մանուկյանի կենսագրությունը։
Ծնվել է 1967-ի ապրիլ 10-ին՝ Երևանում:
1986 թ. ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձևավորում ֆակուլտետը նկարիչ-ձևավորող մասնագիտությամբ, իսկ 2008 թ.՝ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաիրավագիտական ֆակուլտետը՝ պատմության, իրավունքի ուսուցիչ մասնագիտությամբ։
1986-1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Արցախյան ազատամարտի մասնակից է։
1992-2002 թթ. եղել է «Երկիր» օրաթերթի թղթակից, 03.01.2002-01.12.2002 թթ.` ՀՅԴ Գերագույն մարմնի կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու։
01.12.2002-12.05.2007 թթ. և 01.06.2012-16.01.2014 թթ. եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ։
2007-2012 թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։
ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ։
2014 թ. հունվարի 14-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։